Այս պահին Իրանում կորոնավիրուսով վարակվելու 43 դեպք կա, որից 8-ը՝ մահացու ելքով

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն Իրանում  արձանագրվել են փետրվարի 19-ին

Իրանում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 43-ի, որից 8-ը մահացու ելքով, հայտնել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը, գրում է ria.ru-ն։

«Կորոնավիրուսով վարակման 15 նոր դեպք է հայտնաբերվել։ Ցավոք, 15-ից երեքը մահացել են»,- ասել է նա IRINN հեռուստաալիքի եթերում։ Նրա խոսքով՝ արձանագրված 43 դեպքերից 8-ը մահվան ելքով է ավարտվել։

Նշենք, որ Չինաստանից սկիզբ առած կորոնավիրուսով վարակման առաջին դեպքերն Իրանում  արձանագրվել են փետրվարի 19-ին:

Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:

Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի: