Առողջապահության նախարարը զբաղված է բնակչությանը ծաղրելով

Մեղավոր եք բոլորդ և մեղավոր ենք բոլորս` այս ամենը հանդուրժելու և մինչ այսօր տանելու համար
արսեն թորոսյան

Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածմանը և այդ համատեքստում ՀՀ իշխանությունների գործունեությանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Աշխարհի գրեթե բոլոր երկրներում առողջապահական համակարգը անցնում է «կորոնավիրուս» կոչվող փորձության միջով և այդ փորձության հաղթահարումը կախված է զանազան երկրերի լիդերների և առոզջապհության ոլորտի պատասխանատուների գիտելիքային և կամային հատկանիշների դրսևորումից:

Հայաստանի Հանրապետությունը բացառություն չէ: Մեր երկրին ևս սպառնում է «կորոնավիրուսի» վտանգը, սակայն իշխանության` մասնավորապես ազգային անվտանգության ծառայության և առողջապահության նախարարության կողմից որևէ լուրջ կանխարգելիչ քայլ դեռևս տեսանելի չէ:

Ցավով պետք է արձանագրեմ, որ առողջապահության նախարարության ղեկավարը` իր գործառույթները կատարելու փոխարեն զբաղված է բնակչությանը ծաղրելով և ինչ-որ ձևական քայլեր ձեռնարկելով, որոնք, ինչպես ցույց է տալիս համաշխարհային փորձը էֆեկտիվ չեն «կորոնավիրուսի» ներթափանցումը կանխելու համար:

Տապալված առողջապահությունը այլևս փաստ է:

Մեղավորներ մի փնտրեք, քանի որ բոլորդ 2018 թվականի ընտրություններին մասնակցելիս և քվեարկելիս իմացել եք, որ նախարար է նշանակվելու տվյալ անձը:

Մեղավոր եք բոլորդ և մեղավոր ենք բոլորս` այս ամենը հանդուրժելու և մինչ այսօր տանելու համար»: