Արցախի ՄԻՊ-ն այցելել է բերման ենթարկվածներին

Ոստիկանությունը պարզաբանել է, որ բերման ենթարկելու հիմքը ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելն էր, որի հետևանքով կիրառվել է վարչական ձերբակալում

Artsakh1.am-ը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել, ըստ որի, երեկ Ստեփանակերտում մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են արել՝ պահանջելով նախագահ Բակո Սահակյանի և ոստիկանապետ Լևոն Մնացականյանի հրաժարականը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները կանգնեցնում ցուցարարների մեքենան ու պահանջում ձայնային ազդանշաններ չտալ, ապա ակցիայի մասնակիցներից մի քանիսին բերման են ենթարկում:

Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղեկացնում են, որ  ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով երեկ բերման է ենթարկվել ութ քաղաքացի, որոնք 3 ժամ անց ազատ են արձակվել:

Հարուցվել է վարչական վարույթ, ստուգումներ են իրականացվում, ճշտվում են դեպքի վերաբերյալ որոշ հանգամանքներ:

Իսկ ահա Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից էլ հայտնում են, որ երեկ Պաշտպանի  աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն, ծանոթացել դեպքի հանգամանքներին ու հիմքերին, ինչպես նաև զրույցներ ունեցել բերման ենթարկված անձանց հետ:

Պաշտպանի ներկայացուցիչները պարզաբանումներ են պահանջել ոստիկանությունից՝ քաղաքացիներին բերման ենթարկելու հիմքերի, նրանց կարգավիճակի և վարվող ընթացակարգերի հետ կապված:

Ոստիկանությունը պարզաբանել է, որ բերման ենթարկելու հիմքը ոստիկանության օրինական պահանջին չենթարկվելն էր, որի հետևանքով կիրառվել է վարչական ձերբակալում:

Պաշտպանի ներկայացուցիչները հատուկ ուշադրություն են դարձրել ազատազրկված անձանց հանդեպ վերաբերմունքի և օրենսդրությամբ նախատեսված ընթացակարգերի վարման վրա:

Նրանք բերման ենթարկված անձանց պարզաբանել են իրենց իրավունքներն ու դրանց պաշտպանության մեխանիզմները:

Պաշտպանի ներկայացուցիչներն արձանագրել են, որ բերման ենթարկված բոլոր 8 անձինք ազատ են արձակվել երեք ժամվա ընթացքում: