Նիկոլ Փաշինյանն Արցախ է մեկնում. նախատեսվում է Անվտանգության խորհրդի համատեղ նիստ

Հեղափոխությունից հետո սա կլինի երրորդ համատեղ նիստը

Օրերս Արցախում տեղի կունենա ՀՀ-ի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստը։ Արցախ կմեկնի նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո սա երրորդ համատեղ նիստն է։ Առաջինը տեղի ունեցավ մարտի 12-ին Ստեփանակերտում՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի համանախագահությամբ։

Օրակարգի հիմնական թեման վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացում ներկա իրավիճակի համատեղ գնահատմանը և համակարգված գործողությունների ուրվագծմանը: Նշենք, որ այդ նիստին չէր մասնակցում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նախագահականից հայտնել էին, որ պատշաճ հրավեր չի եղել, կառավարությունից էլ արձագանքել էին, թե ամեն ինչ արվել է օրենքին համապատասխան։ Երկրորդ նիստը տեղի ունեցավ դեկտեմբերի 23-ին՝ Երևանում։

Ո՞րն է լինելու երրորդ նիստի օրակարգը, ովքեր են մասնակցելու դրան, մեզ հետ զրույցում ԱԽ մամուլի խոսնակ Արեգ Քոչինյանը նշեց, որ այդ հարցերով զբաղվում է Կառավարությունը և պետք է իրենցից ճշտենք մանրամասները։ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանն էլ մեզ հայտնեց, որ ԱԽ նիստերի կազմակերպիչը, օրակարգ սահմանողն իրենք չեն, այլ՝ ԱԽ-ն։ Այնուհետև Արեգ Քոչինյանը հստակեցրեց և նշեց. «Մենք օրենքով չենք կարող ոչինչ ասել։

Եթե նիստ լինի, դա որոշում է վարչապետը և վարչապետն է որոշում՝ այն լուսաբանվում է, թե ոչ։ Եթե լուսաբանվի, ապա դա անելու է վարչապետի աշխատակազմը»,- հայտնում է ArmDaily.am-ը։