2018թ. օգոստոսին Երեւան քաղաքի Կիեւյան փողոցում գտնվող բանկոմատից կատարվել էր հափշտակություն, ինչի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի (hափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել էր քրեական գործ, որին հետագայում միացվել են նույն ընկերության Երեւան քաղաքի տարբեր փողոցներում գտնվող բանկոմատներից կատարված հափշտակությունների, ինչպես նաեւ՝ նույն խմբի անդամներից մեկի կողմից մեկ բնակարանից կատարված գողության եւ մեկ այլ բնակարանից գողության փորձ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերը:
ՀՀ Քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական գործով կատարված լայնածավալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երկուսի ինքնությունը, ովքեր Երեւան քաղաքի բնակիչներ են, ընկերներ՝ ծնված 1986 եւ 1979թթ.:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերջիններս, տեղեկանալով, որ համակարգչային տեխնիկայի օգատգործմամբ՝ բանկի համակարգչային համակարգում ներբեռնված վնասաբեր ծրագրի գործարկման միջոցով, հնարավոր է բանկոմատներից ապօրինի գումարներ ելքագրել, գործով դեռեւս ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ նախնական համաձայնության են եկել՝ միասնական դիտավորությամբ բանկից առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակությունը համատեղ իրականացնելու շուրջ, կատարել դերաբաշխում եւ բանկից հափշտակել առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 34.800.000 ՀՀ դրամ գումար:
Բացի այդ, պարզվել է, որ 1979թ. ծնված տղամարդը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու շուրջ նախնական համաձայնության է եկել քննությամբ ինքնությունը չպարզված անձի հետ, որից հետո վերջինիս հետ միասին հարմարեցված գործիքի միջոցով բացել են Երեւան քաղաքի Նոր Նորք զանգվածի բնակարաններից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք գործել բնակարան եւ գաղտնի հափշտակել 2 400 000 ՀՀ դրամ գումար, 120 ԱՄՆ դոլար, ինչպես նաեւ՝ ընդհանուր 700 000 ՀՀ դրամ արժողության ժամացույցներ ու զարդեր՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 3 157 740 ՀՀ դրամի գույքային վնաս:
Այնուհետեւ՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ, կոտրել է Կոմիտասի պողոտայի բնակարաններից մեկի մուտքի դռան փականը, ապօրինի մուտք գործել բնակարան, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել՝ իր կամքից անկախ հանգամանքներով՝ բնակարանում գումարի եւ թանկարժեք իրերի բացակայության պատճառով:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 1979թ. ծնված տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (գողություն)3-րդ մասի 1-ին եւ 1.1-րդ կետերով, 34-177-րդ հոդվածի (գողության փորձ)3-րդ մասի 1.1-րդ կետով եւ 38-181-րդ հոդվածի (hափշտակութան կազմակերպում, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով, իսկ վերջինիս՝ 1986թ. ծնված ընկերոջը՝ 181-րդ հոդվածի (hափշտակությունը, որը կատարվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ) 3-րդ մասի 1-ին կետով:
Երկու մեղադրյալի գործով քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Գործով դեռեւս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է:
0Comments