Ժողովրդին ներքաշել են այս ախոռներում «քուջուջ» անելու. Պավլիկ Մանուկյան

Սիրելի ժողովուրդ, մեզ նման նախարար պետք չէ, մեզ նման շտաբի պետ պետք չէ, մեզ նման գերագույն գլխավոր հրամանատար, որը պատկերացում չունի բանակից և բանակում ծառայած չի, պետք չէ

Բանակում այս ընթացքում ոչ մի բան չփոխվեց: Այս մասին այօր` փետրվարի 16-ին, ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ազատամարտիկ, ՊՊԾ գնդի գրավման գործող անցնող Պավլիկ Մանուկյանը:

«Եթե մենք մեր զինվորին եւս մեկ անգամ թողենք մենակ, բարոյալքված ու հույսը կտրած զինվոր ունենանք, մենք կկորցնենք մեր հայրենիքը: Բանակում ոչ մի բան չփոխվեց, մնացին կոռումպացված գեներալները, մնացվին նույն բարոյազուրկները: Կայազորային դատախազ են նշանակում բանակ չծառայած, բանակից պատկերացում չունեցող մի անձի: Այսինքն գործեր կարելու էդ սովորական մեթոդը առ այսօր շարունակվում է: Հեղափոխություն ասվածը եկավ ոչ թե ուղղելու, վնասները շտկելու, այլ հարթելու, կոծկելու եւ ամենահզոր կետը, որ մենք ունենք` բանակը, դարձել է ամենախոցելին: Սիրելի ժողովուրդ, մեզ նման նախարար պետք չէ, մեզ նման շտաբի պետ պետք չէ, մեզ նման գերագույն գլխավոր հրամանատար, որը պատկերացում չունի բանակից եւ բանակում ծառայած չի, պետք չէ: Մեր պետության երաշխավորը բանակն է»,-ասաց նա:

Անդրադառնալով վերջերս շահարկվող «անվտանգության գոտի» հասկացությանը, Մանուկյանը ասաց, որ անվտանգության գոտի հասկացություն գոյություն չունի, դա մեր հայրենիքի ազատագրված տարածքն է եւ դեռ ունենք ազատագրվելիք ահռելի տարածքներ:

«Այս ինչ հիմար ոչ դիվանագիտական արտահայտություններ են անում, մենք մեկ անգամ եւս դանակով հարված ենք հասցնում հայ զինվորի թիկունքին: Այսինքն` նա վստահ չէ՝ այդ ազատագրված տարածքը վաղն իրեն է լինելու, թե չէ: Սա է ամբողջ խնդիրը, որ մեր երեխաները բանակից հետ են գալիս չձեւավորված, ընկճված»,- ասաց նա:

Ազատամարտիկի խոսքով` ցավալին այն է, որ մահացած զինծառայողներին մահից հետո ստորացնում են` կատարվածը ինքնասպանություն որակելով․ «Մայրերը ողբում են նրա համար, որ ոչ թե զոհ են տվել, այլ անարդարության դեմ: Մայրերին պատասխանելու նույնիսկ շնորհք չունեն, հիմա էլ ներքաշել են «Այո»-ի եւ «Ոչ»-ի մեջ: Մենք հույս ունեինք, որ այս «ավգյան ախոռները» պետք է մաքրվեր, բայց ժողովրդին ներքաշել են այս ախոռներում «քուջուջ» անելու: Ոչ «Այո»-ն է մեզ պետք, ոչ էլ «Ոչ»-ը, արհամարհել է պետք: Ուղղակի բոյկոտել է պետք այս անառակությունը»։