Ապրիլի 6-ից հետո ՍԴ ճգնաժամի միֆը դառնալու է իրականություն: Այս մասին «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի «Սահմանադրական անվտանգություն․ մարտահրավերներ և լուծումներ» խորագրով քննարկմանն ասաց «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
Վերջինս նշեց, որ հանրաքվեի վերաբերյալ այս պահին կա երկու հիմնական թիրախ՝ միջազգային կառույցներն ու մեկ փուլ հետո՝ իրավապահները. «Առաջինների կողմից մենք հետագայում պետք է ակնկալենք կոշտ գնահատականներ, ինչու չէ՝ նաև գործողություններ: Իրավապահների ուշադրության կենտրոնում էլ կլինի, քանի որ այն, ինչ արվում է այսօր, ոտնձգություն է պետության և պետականության դեմ»:
Վերջինս նշեց, որ քայլ-քայլ ամեն խմբի նկատմամբ ռեպրեսիվ գործիքներ կիրառելու միջոցով ստեղծվելու է լիակատար կառավարելի դաշտ և հասարակություն: «Խնդիր այն է, որ այն լրատվամիջոցները, որոնք դրսևորում են այլախոհություն, չեն փառաբանում այսօրվա իշխանություններին, դառնում են բազմաթիվ ոտնձգությունների առարկա: Նույն խնդիրը, ըստ Վարդանյանի, կա նաև փաստաբանների դեպքում, որոնք ունեն համարձակություն՝ իրականացնել այսօր «մեղավոր» նշանակվածների պաշտպանությունը և հանդես գալ իշխանության կողմից իրականացվող քաղաքականության իրավական կողմի վերլուծություններով, նաև ընդդիմանալ այդ իրավական կողմին: Հաջորդը լինելու են գործարարները: Սա ռեպրեսիվ մեխանիզմի գործիքներից մեկն է, որը Հայաստանում աստիճանաբար գործի է դրվում»,-նշեց նա:
Երբ արդեն լինի դատական համակարգի հպատակեցումը իշխանության մյուս ճյուղերին, ըստ բանախոսի՝ կսկսվի ռեպրեսիվ մեխանիզմի մյուս փուլը և հրապարակային հարձակումներից անցում կկատարվի բուն գործողությունների, որովհետև չի լինելու անկախ մարմին, որը կարող է իրականացնել այդ խմբերի իրավունքների պաշտպանությունը: «Հանրաքվեն այդ քայլերից մեկն է լինելու՝ ի վերջո ազատվել այն վերջին անկախ մարմնից, որը կարողանում է որպես հակակշիռ հանդես գալ այսօրվա միաձուլված գործադիր և օրենսդիր իշխանություններին: Ակնհայտ է, որ իշխանությունները գնալու են ծայրահեղ էժան հռետորաբանության, ծայրահեղ արմատական պառակտման և թշնամանքի: Ապրիլի 6-ին մենք ունենալու ենք էլ ավելի պառակտված հասարակություն»,-ասաց նա:
Վերջինիս կարծիքով՝ հանրաքվեն իր հետևանքներն է ունենալու նաև իշխանության համար, որովհետև իշխանությունն ունենալու է էլեկտորալ կորուստ, քանզի այս մեկուկես տարվա ընթացքում ձևավորվել է մի շարժում, որը գիտակցում է հետևանքները, որոնք կարող է ունենալ այսօրվա իշխանության քաղաքականության և տարբեր ոլորտներում անգործության արդյունքում:
«Մյուս խնդիրը սահմանադրական ճգնաժամն է: Ապրիլի 6-ից հետո ՍԴ ճգնաժամի միֆը դառնալու է իրականություն, քանի որ երկար ժամանակ չենք ունենալու ՍԴ, և հնարավոր չի լինելու սահմանադրական արդարադատություն իրականացնել»,-ասաց Վարդանյանը՝ նշելով նաև, որ այս հանրաքվեն իշխանությունների համար ծուղակ է, որ մեջ իրենք ևս ընկել են: «650 հազար «Այո» հավաքելու հնարավորությունը կասկածելի է, կա երկրորդ մեխանիզմ՝ դիմել ընտրակեղծիքների, ինչը քաղաքական իշխանություններին կտանի քաղաքական և բարոյական ինքնասպանության»,-ասաց Վարդանյանը:
Նա ընդգծեց նաև, որ այս իրավիճակում հնարավոր չէ հույս դնել ՀՀ նախագահի վրա, քանի որ վերջինս և՛ գործելաոճով, և՛ պարտականությունների նկատմամբ մոտեցմամբ ապացուցել է, որ ոչնչով չի տարբերվում այսօրվա օլիգարխիայի մնացած ներկայացուցիչներից:
Տեսանյութը՝ tert.am-ի
0Comments