Երեկ Ազգային ժողովի ամբիոնը վերածվել էր Սերժ Սարգսյանի քաղաքական գովազդային հարթակի, որտեղ առավել գրավիչ լինելու համար միմյանց հետ մրցում էին խորհրդարանական երկու ուժերը:
Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Վերլուծելով իրավիճակը ես եկա մեկ հույժ կարեւոր եզրակացության. իշխանությունը գտնվում է անվերահսկելի հիստերիայի մեջ, ինչը, բացի տհաճ եւ անտանելի լինելուց, նաեւ խիստ վտանգավոր է Հայաստանի ներքին եւ արտաքին անվտանգության համար:
Ինչն է պատճառը. թերեւս հանրաքվե կոչվող շոուի շրջանակներում գլխավոր դերակատարի` «ոչ»-ի շտաբի դատարկությունը: Ինչու եմ ասում գլխավոր, որովհետեւ Փաշինյանի բոլոր քաղաքական ակցիաների մեջ գլխավոր դերակատարը մշտապես եղել է «հակահերոսը»` իր գոյության հիմնական պատճառը, սնուցող աղբյուրը, կենսական պորտալարը:
«Լուսավոր Հայաստանի» կողմից «ոչ»-ի ճամբարից հրաժարվելու արդյունքում Փաշինյանը մնացել է առանց հակահերոսի, ինչը նշանակում է, որ նա հայտնվել է քաղաքական մեկուսացման մեջ`վերջնականապես տապալելով 650.000 «այո» գեներացնելու նույնիսկ տեսական հնարավորությունը:
Սակայն, իմ խորին համոզմամբ, երեկվա հիստերիկ դրամայի հիմքում ընկած է ոչ այնքան հանրաքվեի իրավական տապալումը, որքան նախօրոք մշակված «գունագեղ տեսարանները» իրացնելու անհնարինությունը, ինչը հնարավորություն չի տալու շեղել հասարակության ուշադրությունը Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող այլ գործընթացներից:
Ուզում եմ հիասթափեցնել մեր դրամայասեր եւ դյուրագրգիռ իշխանություններին. չի ստացվելու, մի էլ փորձեք:
Չենք շեղվում, գնում ենք առաջ»:
0Comments