Ոստիկանությունը բավականին թուլացել է և համարժեք չէ. «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության պետին կնշանակի վարչապետը՝ ՆԳ նախարարի ներկայացմամբ, սակայն ոստիկանության պետը կունենա որոշակի ինքնուրույնություն

Այսօրվա ոստիկանությունը համարժեք չէ տիրող իրավիճակին. լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Այսօրվա ոստիկանությունը համարժեք չէ տիրող իրավիճակին, հանցավորությանը,  որովհետեւ ոստիկանությունը չունի այն գործիքակազմը, լիազորությունները, որ պետք են իր առջեւ դրված խնդիրները լուծելու համար։ Այս ռազմավարությունը բավականին լավ փաստաթուղթ է, մեծ ծավալի աշխատանք է կատարված, այս ռազմավարությանն ուղղված քայլերով ոստիկանությունը կգա այպիսի իրավիճակի, երբ կլինի համարժեք  հանցավորությանը, կլինի տեխնիկապես զինված, այսօրվա ժողովրդավարական իրավակարգին համապատասխան , կբարձրանա ոստիկանության իմիջը, օրվա իշխանությանը ծառայող եւ հարկադրանք կիրառող ոստիկանության իմիջը կփոխակերպվի հասարակական անվտանգությունը պահպանող, հարգանք վայելող ոստիկանի կերպարով, պարեկային ոստիկանություն կստեղծվի, օպերատիվ կառավարման կենտրոն կստեղծվի, որը հնարավորություն կունենա արագ արձագանքել բոլոր իրավախախտումների եւ պատահարների դեպքերին, կազմակերպել պարեկային ոստիկանության ուժերի տեղաբաշխումն ըստ անհրաժեշտության, քրեական ոստիկանությունում կիրականացվեն որոշակի բարեփոխումներ, աբցի այդ, երբ ստեղծվել է Քննչական կոմիտեն, ոստիկանությունից վերցվել է նախաքննությանը մասնակցելու լիազորությունը, ոստիկանությունը բավականին թուլացել է։ Ոստիկանությունը պետք է քննություն իրականացնելու լիազորություն ունենա»,- նշեց նա։

Նրա խոսքով՝ Ներքին գործերի նախարարություն դառնալու անհրաժեշտությունը պայմանավորված է խորհրդարանական եւ քաղաքացիական վերահսկողությունն ավելի արդյունավետ դարձնելու նպատակադրմամբ․ «Նախկինում, երբ Ներքին գործերի նախարարությունը դարձավ Կառավարությանն առընթեր ոստիկանություն, որեւէ էական փոփոխություն չեղավ Ոստիկանության կազմում եւ գործելաոճում ընդհանրապես: Ներքին գործերի նախարարություն դառնալու անհրաժեշտությունը պայմանավորված է խորհրդարանական եւ քաղաքացիական վերահսկողությունն ավելի արդյունավետ դարձնելու, քաղաքական պատասխանատվությունն ավելի բարձր մակարդակի վրա դնելու համար: ՆԳՆ-ն ներառելու է ոչ միայն ոստիկանական ծառայությունը, այլեւ մի շարք այլ ոչ ոստիկանական ծառայություններ»։

Նա նաեւ հայտնեց, որ նախատեսված է, որ ոստիկանության պետին կնշանակի վարչապետը՝ ՆԳ նախարարի ներկայացմամբ, սակայն ոստիկանության պետը կունենա որոշակի ինքնուրույնություն։

Խոսելով կադրերի մասին, Խաչատրյանն ասաց․  «Համակարգում ունենք կադրեր։ Կընդունվեն նաեւ բուհեր ավարտած նոր կադրեր, կապ չունի, թե ինչ կրթություն են ունեցել, կարեւորը՝ բարձրագույն կրթություն ունենան, որից հետո ոստիկանության կրթահամալիրում կանցնեն համապատասխան կուրսեր»:

Խաչատրյանի խոսքով՝ կավելանան նաեւ սոցիալական երաշխիքները, այդ թվում՝ աշխատավարձերը:

Պատգամավորը համակարգի աշխատողների համար կարեւորում է լեզուների իմացությունը, բարետես արտաքինը, ֆիզիկական կարողությունները։ Նա բերեց Վրաստանի օրինակը, երբ օրինակ պարեկների հետ շփումով երկրի մասին բարձր կարծիք են կազմում զբոսաշրջիկները։