Սուր շնչառական վարակների պատճառով արգելվել է 1032 երեխայի մուտքը կրթական հաստատություններ. ԱՆ

Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին խուճապի չմատնվել

Յուրաքանչյուր տարի աշուն-գարուն ժամանակահատվածում հանրապետությունը գտնվում է գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնում: Ելնելով գրիպի և սուր շնչառական վարակների սեզոնայնությունից` հանրապետությունում օրական կտրվածքով դեռևս շարունակվում է մշտադիտարկումը, ըստ որի` այսօր նկատվել է իրավիճակի կայունացում, իսկ որոշ ցուցանիշներով՝ նաև նվազում, օրինակ՝ ամբուլատոր-պոլիկլինիկական կազմակերպություններ սուր շնչառական վարակներով դիմելիությունը նվազել է 1,1 անգամ, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության համաճարակաբանական մշտադիտարկումը շարունակվում է նաև դպրոցներում և նախադպրոցական կազմակերպություններում: Այսօրվա տվյալներով` հանրապետությունում սուր շնչառական վարակներով բացակայությունը կազմել է 5,8%-ը (նման ցուցանիշ արձանագրվել է նաև փետրվարի 11-ին): 

Սուր շնչառական վարակների տարածումը կրթական հաստատություններ հնարավորության սահմաններում բացառելու նպատակով, ներգրավվելով շահագրգիռ կառույցների ներուժը, շարունակվում է «համաճարակային ֆիլտրը»: Արդյունքում՝ չի թույլատրվել 1032 (380-ը Երևանում, 652-ը՝ մարզերում) երեխայի մուտքը կրթական հաստատություններ: Նշված միջոցառման նպատակն է հնարավորինս բացառել գրիպանման երևույթներով երեխաների մուտքը կրթական հաստատություններ՝ դասապրոցեսների իրականացման համար «առողջ» միջավայր ապահովելու համար:

Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին խուճապի չմատնվել, զերծ մնալ մասնագիտական ոչ ճիշտ մեկնաբանություններից, քանի որ Գիտության, կրթության, սպորտի և մշակույթի նախարարության հետ համատեղ քննարկվում է ստեղծված իրավիճակը:

Սուր շնչառական վարակներով, գրիպով չհիվանդանալու, ինչպես նաև հետգրիպային բարդություններից խուսափելու նպատակով՝  առողջապահության նախարարությունը ԿՐԿԻՆ հիշեցնում է.

պատվաստվե´ք սեզոնային գրիպի դեմ՝ դիմելով Ձեր հաշվառման պոլիկլինիկա, 

խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,

եթե հիվանդ եք՝ մնացե´ք տանը, հատկապես՝ գրիպանման երևույթներ ունեցող երեխաներին մի´ թույլատրեք հաճախել դպրոց և մանկապարտեզ՝ ապահովելով բժշկի կողմից խորհրդատվությունը և բուժումը,

եթե հիվանդ եք, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,

մի´ օգտագործեք հակաբիոտիկներ, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի և սուր շնչառական վարակների բուժման համար,

հագնվե´ք եղանակին համահունչ,

պահպանե´ք հազի և փռշտալու վարվելակարգը,

օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,

հաճախակի օդափոխե´ք փակ տարածքները,

հետևե´ք անձնական հիգիենային։

Հիշեցնենք, որ լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` շարունակում է գրիպի  Ա H1N1 ենթատեսակի և Բ տեսակի, ինչպես նաև շնչառական այլ վարակների հարուցիչների (ռինովիրուս, բոկավիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վիրուս, ադենովիրուս) շրջանառությունը: