Հանրաքվեն իրական հնարավորություն է ՝ «Մերժիր Նիկոլին» առաջին քայլի համար. Աղասի Ենոքյան

Իշխանությունները կարող են գնալ աննախադեպ խախտումների. քաղաքագետ

Սպասվող սահմանադրական հանրաքվեի, «Ոչ»-ի շտաբի ձեւավորման խնդրի շուրջ «Փաստինֆո»-ն զրուցել է քաղաքագետ Աղասի Ենոքյանի հետ։

-Պարոն Ենոքյան, արդեն ակնհայտ է, որ խորհրդարանական ընդդիմությունը առաջիկա հանրաքվեի հետ կապված «Ոչ»-ի շտաբ չի ձեւավորելու։ ԼՀԿ-ն այդ մասին արդեն հայտարարել է, իսկ ԲՀԿ-ն էլ խուսանավում է։ Սա ի՞նչ կարող է պարունակել։

- Ես խնդրի իրավական կողմին լավ ծանոթ չեմ, բայց քաղաքական առումով կարող ենք ասել, որ խորհրդարանական ընդդիմության կողմից «Ոչ»-ի շտաբ չձեւավորելը ինչպես ռիսկեր է պարունակում, այնպես էլ հնարավորություններ։ Օրինակ, որպես ռիսկ պետք է նշել այն, որ հանրաքվեի արդյունքները ՍԴ-ում վիճարկելը դառնում է խնդրահարույց, թեեւ ենթադրում եմ, որ դիմելու դեպքում էլ իշխանական դեմագոգիան մերժելու էր այն, հայտարարելով, թե կա շահերի բախում, ու անգամ հաշվի չէին առնելու, որ շահերի բախումը հենց իրենք են ստեղծել՝ հարցի նման ձեւակերպում դնելով հանրաքվեի։ Միաժամանակ, այս վիճակը խնդիրն ամբողջովին հանում է խորհրդարանից եւ հնարավորություն ստեղծում, որ քաղաքական պրոցեսները ծավալվեն բացառապես փողոցում։ Կարծում եմ, սա հանրաքվեին զուգահեռվող կարեւորագույն գործոնն է։

-Ի՞նչ եք կարծում, առհասարակ, անհրաժե՞շտ է ձեւավորել «Ոչ»-ի շտաբը, որովհետեւ տեսակետ կա, որ այդկերպ հակասահմանադրական հանրաքվեն կլեգիտիմացվի։

-Ձեր նշածը հենց քաղաքական հնարավորություններից է, քանի որ «Ոչ»-ի շտաբի բացակայության դեպքում հանրաքվեի ողջ պրոցեսն է հարցականի տակ դրվում, այո, այն դառնում է ոչ լեգիտիմ։ «Ոչ»-ի շտաբի բացակայությունը ամենեւին չի նշանակում հասարակության անտարբերություն հանրաքվեի նկատմամբ։ Ավելին, այն հանրաքվեն մերժողներին դնում է բոլոր պաշտոնական ֆորմատներից դուրս եւ ավելացնում փողոցի հնարավորությունները։ Դրան զուգահեռ, իհարկե, անհրաժեշտություն կա որեւէ կերպ վերահսկողության տակ դնելու քվեարկությունը, քանի որ իշխանությունները կարող են գնալ աննախադեպ խախտումների։

-Մյուս կողմից էլ, եթե Հանրաքվեի մասին օրենքով սահմանված կարգով 50 հոգանոց նախաձեռնությունն էլ չձեւավորվի՝ որպես «Ոչ»-ի շտաբ, կնշանակի միակողմանի ոչ մրցակցային քարոզչություն , եւ ըստ էության, հանրաքվեի իրական նպատակների մասին հանրությանը ուղերձներ չեն հղվի։

-Այո, սա էլ ռիսկերից մեկն է։ Սակայն արդեն իսկ հարցականի տակ չի դրվում այն փաստը, որ Հանրային հեռուստաընկերության վարկանիշը, մանավանդ քաղաքական-լրատվական հաղորդումների բաժնում, զգալիորեն զիջում է մասնավորներին, եւ այս ռեսուրսը կորուստը մեծ խնդիր չէ։ Պետք է փաստել, որ եթե այն փակում է Հանրային հեռուստաընկերության դուռը, ապա չի կարող վերաբերվել մասնավորներին, եւ առավել եւս՝ համացանցային հարթակներին։ Եվ ամենակարեւորը՝ փողոցը, եթե հանրաքվեի «դեմ» քարոզողները կարողանան կազմակերպել փողոցը, ապա այն կլինի եւ լուրերի տարածման, եւ տեղեկատվության փոխանակման եւ քարոզչության ամենակարեւոր ու թեժ հարթակը։

-Այսինքն, այս հանրաքվեն քաղաքական դաշտը կոնսոլիդացնո՞ղ կարող է դառնալ։

-Իհարկե, սա ինքնաբերաբար բերելու է ընդդիմության կոնսոլիդացիայի, սա նվեր է այն քաղաքական ուժերի համար, որոնք երկար ժամանակ չէին ձեռնարկում այդ անհրաժեշտ քաղաքական քայլը։ Անգամ, ես ենթադրություն էի հայտնել, որ Նիկոլ Փաշինյանը գնում է այս քայլին, որպեսզի պատեհ հնարավորություն ստեղծի իր համար՝ խուսափելու պատասխանատվությունից։ Ընդդիմադիր ուժերը, իհարկե, իրար մեջ ունեն բազմաթիվ տարաձայնություններ, սակայն սա իրական հնարավորություն է իրենց հայտարարած հիմնական խնդրի՝ «Մերժիր Նիկոլին» առաջին քայլի համար։

-Պարոն Ենոքյան, իշխանությունը կարծես թե հանրաքվեին քաղաքացիների մասնակցության տեսանկյունից, լուրջ խնդրի առաջ է կանգնելու։ Ի՞նչ կանխատեսում ունենք, կհաջողվի՞ տարբեր միջոցներով կրկին էյֆորիկ ֆոն ապահովել ու այդկերպ քաղաքացուն տեղամաս տանել։

-Իշխանություններին պետք է ապահովել 650 հազար «Այո» ձայն այն դեպքում, երբ ամենաէյֆորիկ վիճակում՝ 2018թ-ի ԱԺ ընտրությունների ժամանակ նրանք ստացել էին 880 հազար ձայն։ Սա չափազանց բարդ խնդիր է, իրավիճակը հանրապետությունում էապես տարբերվում է ֆեյսբուքում եղած պատկերից, քանի որ ոչ ֆեյքերը, ոչ էլ Ռոստովից հայհոյող տիկինները չեն կարող քվեարկել։ Պարզ է, որ այս խնդիրը լուծելու համար իշխանությունները գնալու են աննախադեպ քայլերի, այդ թվում՝ ավելացնելու են բռնությունն ու ճնշման խոսքը, քվերակության ժամանակ չեն բացառվում զանգվածային լցոնումները եւ խախտումները։ Արդեն իսկ խոսեցինք այն մասին, որ «Այո» ստանալու խաղադրույքը շատ բարձր է դրված։ Սրանք, իհարկե, միայն հնարավոր զարգացումների սցենարներ են եւ որոշ ռիսկերի թվարկում, հետեւենք զարգացումներին։

-Եվ վերջում, միջազգային կառույցների վերաբերմունքի մասին, ի՞նչ ակնկալենք նրանցից։ Գիտենք, որ ԵԽԽՎ-ն հորդորում էր իշխանությանը Վենետիկի հանձնաժողով ուղարկել Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, բայց իշխանությունը ոչ միայն դա չարեց, այլեւ այն հանրաքվեի է դնում։

-Մենք արժանանալու ենք միջազգային կառույցների խիստ քննադատությանը, չի բացառվում նաեւ՝ պատժամիջոցների։ Սակայն իշխանությունները դրա նկատմամբ կիրառում են «թքած ունենալու բարձր արվեստը», թերեւս Վահե Գրիգորյանին աշխատանքի տեղավորելու հարցը ավելի բարձր է Հայաստանի միջազգային պարտականություններից։ Իսկ եթե ավելի լուրջ, ապա, կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը, ՍԴ-ն արձակելու, կամ իրեն հլու-հնազանդ ՍԴ ստեղծելու միջոցով շատ ավելի կարեւոր խնդիր է լուծում, այնպիսի խնդիր, որն իր առջեւ դրված է՝ որպես իմպերատիվ, այնպիսին, որի չլուծելը անձնական անվտանգության կամ առնվազն, իշխանությունը կորցնելու ռիսկ է պարունակում, որի համար նա պատրաստ է ջնջել ամեն ինչ։ Փորձագետները պնդում են, որ այսպիսի խնդիր կարող է լինել նրա վերցրած պարտավորությունները Արցախի հարցում։

Աղբյուր` Փաստինֆո