Մանրամասներ՝ Դիլիջանում 27-ամյա ամուսինների մահվան դեպքի մասին. ՔԿ

Կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում քննություն է իրականացվում՝ պարզելու Դիլիջան քաղաքում Շիրակի մարզի երկու բնակիչների՝ամուսինների մահվան բոլոր հանգամանքները, տեղեկացնում են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից:

2020 թվականի փետրվարի 12-ին՝ ժամը 01:00-ին, Ոստիկանության Դիլիջանի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցում գտնվող տներից մեկի լոգարանում հայտնաբերել է Շիրակի մարզի բնակիչների՝ 1993թ. ծնված ամուսինների դիերը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասով (Անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ):

Դեպքի վայրի զննության արդյունքում  պարզվել է, որ տան լոգարանում տեղադրված է գազի արագային ջրատաքացուցիչ:

Երիտասարդ ամուսինների մահվան հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ, որին զուգահեռ  կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: