ՍԴ ոչ մի դատավոր Ազգային ժողովի շենք չի մտել. Ալեն Սիմոնյան

Վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՍԴ դատավորներին, այդ թվում՝ առանձին-առանձին

ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը մի քանի օր առաջ իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր ԱԺ աշխատակազմի պաշտոնական պատասխանն իր հարցին եւ գրել.

«Ազգային ժողովի աշխատակազմը գրավոր հաստատեց, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այս օրերին պարբերաբար հանդիպումներ է ունենում ՍԴ առանձին դատավորների հետ, այդ թվում` դատավոր Ֆելիքս Թոխյանի հետ: Փաստորեն ճիշտ էին մամուլի հրապարակումները»:

Ի պատասխան այդ թեմայով հարցադրումներին, ԱԺ փոխխոսնակ ալեն Սիմոնյանն ասաց, որ ՍԴ ոչ մի դատավոր Ազգային ժողովի շենք չի մտել: Սիմոնյանն ասաց, որ այսօր խոսել է Արարատ Միրզոյանի հետ, նման բան չկա:

Դիտարկմանը, որ ԱԺ աշխատակազմը պաշտոնապես հաստատել էր, որ ՍԴ դատավորների եւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի միջեւ հանդիպումներ են եղել, Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Վստահ չեմ, որ հաստատվել է: Վարչապետը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՍԴ դատավորներին, այդ թվում՝ առանձին-առանձին, մենք մեր գործողություններով ցույց են տվել, թե ինչ ենք անում»: