Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեիսուսը, անդրադառնալով կորոնավիրուսի համաճարակին, հայտարարել է, որ չինական քաղաքներում և աշխարհի տասնյակ երկրներում արագ տարածվող վարակը «սոսկալի սպառնալիք» է:
Ինչպես նշում է The Guardian-ը, նա կորոնավիրուսի ներկայացրած վտանգը համեմատել է ահաբեկչության հետ:
«Վարակները կարող են ավելի հզոր հետևանքներ ունենալ, քան որևէ ահաբեկչական գործողություն»,-ասել է Գեբրեիսուսը:
Պաշտոնյան հայտարարությամբ է հանդես եկել Ժնևում, որտեղ նա հանդիպել է աշխարհի տարբեր անկյուններից եկած 400 գիտնականների հետ՝ փորձելով լուծում գտնել համաճարակի հետ կապված ճգնաժամային իրավիճակի համար:
Գեբրեիսուսն ընդգծել է, որ COVID-19 անվանումը ստացած վարակի պատվաստանյութը պատրաստ կլինի 18 ամսից ոչ շուտ:
«Իսկ մինչ այդ մենք պետք է գործի դնենք այսօր ձեռքի տակ ունեցած բոլոր միջոցները»,-ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ այս ամենը դեռևս միայն «այսբերգի գագաթն» է:
«Աշխարհը պետք է արթնանա ու այս վարակն ընկալի որպես հանրության թիվ մեկ թշնամի»,-հավելել է ԱՀԿ ղեկավարը:
Մինչդեռ Հոնկոնգի առաջատար վարակաբան Գաբրիել Լունը, որը ևս մասնակցել է ժնևյան հանդիպմանը, բրիտանական պարբերականի հետ զրույցում ասել է, որ եթե պատշաճ վերահսկողություն չլինի, ապա նոր տեսակի կորոնավիրուսը կարող է վարակել աշխարհի բնակչության 2/3-րդ մասին: Ըստ մասնագետի՝ յուրաքանչյուր վարակակիր կորոնավիրուսը կարող է փոխանցել միջինը 2,5 մարդու:
«Դա կազմում է մոլորակի բնակչության 60%-ը, ինչն ահռելի թիվ է»,-ասել է գիտնականը:
Նշվում է, որ կորոնավիրուսի զոհերի թիվը հատել է հազարի շեմը, մինչդեռ վարակվածներն ավելի քան 42 000-ն են: ԱՀԿ տվալներով՝ կորոնավիրուսը տարածվել է աշխարհի մոտ 30 երկրում:
Աշխարհը պետք է արթնանա ու այս վարակն ընկալի որպես հանրության թիվ մեկ թշնամի. ԱՀԿ ղեկավար
Նա ասել է, որ կորոնավիրուսի պատվաստանյութը պատրաստ կլինի 18 ամսից ոչ շուտ
0Comments