Ռուսաստանը որոշիչ դեր է խաղացել 2016-ին ռազմական գործողությունների դադարեցման գործում. ՌԴ փոխարտգործնախարար

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի անմիջական աջակցությամբ ստորագրված փաստաթղթերի թվում է 1994 թվականին կնքված Հրադադարի մասին համաձայնագիրը, որը մինչ այսօր հրադադարի հիմքն է հանդիսանում

Ռուսաստանը վճռորոշ դեր է խաղացել 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած լայնածավալ մարտական գործողությունների դադարեցման գործում: Այս մասին, tert.am-ի փոխանցմամբ, հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «Ռուսաստանն այսօր» գործակալությանը տված հարցազրույցում: 

«Ռուսաստանը միշտ ակտիվ միջնորդական դեր է զբաղեցրել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Այս ձգձգված հակամարտության կարգավորման գործում կողմերին աջակցելը մեր արտաքին քաղաքականության անվերապահ առաջնահերթություններից է»,- ասել է նա:

Ռուս պաշտոնյան նշել է, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը շարունակում է գտնվել ՌԴ նախագահի, արտգործնախարարի ուշադրության կենտրոնում: 

Նա հիշեցրել է, որ Ռուսաստանի անմիջական աջակցությամբ ստորագրված փաստաթղթերի թվում է 1994 թվականին կնքված Հրադադարի մասին համաձայնագիրը, որը մինչ այսօր հրադադարի հիմքն է հանդիսանում:  

«Մեր երկրի միջնորդական ջանքերի ճանապարհին կարևոր փուլ էր 2008թ. Մոսկվայի հռչակագրի ընդունումը, որում խոսվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման մասին: Սա առաջին և առայժմ միակ փաստաթուղթն է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ, որի տակ առկա են Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների ստորագրությունները: Ինչպես գիտեք, Ռուսաստանը որոշիչ դեր է խաղացել 2016-ին լայնամասշտաբ ռազմական գործողությունների դադարեցման գործում՝ Ադրբեջանի և Հայաստանի գլխավոր շտաբերի պետերին Մոսկվա հրավիրելով»,- ասել է ռուս պաշտոնյան: