Հանրաքվեի քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին. Մուկուչյան

ԿԸՀ-ն հաստատել է հանրաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա՝ փետրվարի 11-ի նիստում հաստատել է ապրիլի 5-ին կայանալիք Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:

Ժամանակացույցի համաձայն՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի նախընտրական քարոզարշավը կմեկնարկի փետրվարի 17-ին:

«ԿԸՀ ներկայացվել է որոշում՝ հիմք ընդունելով նախագահի հրամանագիրը՝ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվե նշանակելու մասին, որով հանրաքվեն նշանակվել է ապրիլի 5-ին: Ընտրական օրենսգրքի ու հանրաքվեի մասին օրենքի համաձայն՝ մշակվել է ժամանակացույց:

Համաձայն հանրաքվեի մասին օրենքի՝ հանրաքվեի քարոզչությունը մեկնարկում է հանրաքվե նշանակելու մասին նախագահի հրամանագրի պաշտոնական հրապարակումից հետո 7-րդ օրը և ավարտվում հանրաքվեից մեկ օր առաջ, ինչը նշանակում է, որ փետրվարի 17-ից կմեկնարկի նախընտրական քարոզչության փուլը»,- ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: