Հայաստանում զանգեր են ստացվել ադրբեջանական, նաև օտարերկրյա այլ հեռախոսահամարներից. ԱԱԾ

ՀՀ բաժանորդներին հորդորում ենք անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներից չպատասխանել եւ դրանց հետ հետադարձ կապ չհաստատել

ԱԱԾ-ն իրազեկում է, որ օտարերկրյա անծանոթ հեռախոսահամարների զանգերին պատասխանելու կամ հետադարձ կապ հաստատելու դեպքում հնարավոր է տվյալ հեռախոսահամարի հաշվեկշռից խոշոր գումարներ ելքագրվեն, ինչից ելնելով ՀՀ բաժանորդներին հորդորում ենք անծանոթ օտարերկրյա հեռախոսահամարներից չպատասխանել եւ դրանց հետ հետադարձ կապ չհաստատել:

«Ս.թ. հունվարի 31-ին, առավոտյան ժամը 07:11-ից մինչեւ ժամը 07:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ-ում գործող բջջային ցանցերի օպերատորներից մեկի մի քանի տասնյակ բաժանորդներ ստացել են զանգեր ադրբեջանական, ինչպես նաեւ օտարերկրյա այլ հեռախոսահամարներից՝ 0 վայրկյան տեւողությամբ: Որոշ բաժանորդներ փորձել են հետադարձ կապ հաստատել նշված օտարերկրյա հեռախոսահամարների հետ»: