Կենսական կապը. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Սա մի հզոր միություն է. սրանով Ինձ հետ կապված հոգին ոչ մի բանից չի հաղթահարվի, վստահիր. անվերջ վստահիր, ոչ մի բանից մի՛ վախենա

Հիսուս

Փետրվարի 10

Ես Եմ քո փրկիչը: Ես Եմ քեզ փրկում մեղքի ստրկությունից, կյանքի ամեն տեսակ մտահոգություններից ու նեղություններից, տկարություններից ու հիվանդություններից:

Ամեն ինչի մասին կխոսեմ ձեզ հետ: Ինձ Նայեք՝ ձեր փրկության համար: Օգնություն ստանալու համար Ինձ ապավինեք: Իմ Հին ծառան չասա՞ց. «Քո բոլոր ալիքներն ու կոհակները իմ վրայով անցան»: Սակայն նեղության հորդառատ ջրերը չէին կարող խեղդել նրան: Որովհետև իր համար ճշմարիտ էր այն, ինչ ասաց հետո. «Եկավ Նա վերևից, վերցրեց ինձ, դուրս քաշեց ինձ խորունկ ու հորդառատ ջրերի միջից»:

Կենսական կապը. ազատված լինելու կապը այն պարանն է, որ ձգվում է՝ Հոգու և Աստծո միջև, հավատքի ու Աստծո զորության միջև: Սա մի հզոր միություն է. սրանով Ինձ հետ կապված հոգին ոչ մի բանից չի հաղթահարվի: Վստահիր. անվերջ վստահիր: Ոչ մի բանից մի՛ վախենա:

Հապա մի մտածիր Իմ այս ծառերի մասին՝ զրկված իրենց գեղեցկությունից, էտված, կտրված, այլակերպված, շքեղ զգեստներից բոլորովին մերկացած, սակայն անլույս, երևութապես մեռած ճյուղերի միջով հանդարտ ու լուռ հոսում ու հոսում է կենսատու ավիշը, մինչև որ հանկարծ եկող գարնան արևի հետ կգա նոր կյանքը՝ տերևները, բողբոջները, ծաղիկները ու պտուղները: Եվ այն էլ ի՞նչ պտուղ, անցյալ տարիներից շատ ավելի լավը. և այդ նրա համար, որ ծառը էտված էր:

Չմոռանանք, որ վարպետ այգեպանի ձեռքի տակ եք գտնվում: Նա գեղեցիկ տեսք տալու կամ ճյուղերը էտելու մեջ բոլորովին չի սխալվում: Ուրախացիր: Ուրախության ամեն մի նոր արտահայտություն Ինձ է մոտեցնում ձեր հոգին, որպեսզի նա իր շնորհակալությունը իրապես հայտնի: Սա նման է ծառի կենսատու ավիշին, որ Ինձ է հասնում, որպեսզի հետո անչափ գեղեցիկ ձևով արտահայտվի պտուղների տեսքի մեջ: Հետևաբար, երբեք մի դադարիր ուրախանալուց: Ցնծա՛: