Զգոն եղեք, Հայաստանի համար Արցախից ավելի կարևոր հարց չկա

Ի՞նչ է տեղի ունենալու Հայաստանի կյանքում այս երկու ամսվա ընթացքում, որ հասարակությունը, զբաղված լինելով կեղծ օրակարգով, չպետք է նկատի

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած արտահերթ նիստի ընթացքում իշխանության ընդունած որոշմանը՝ սահմանադրական փոփոխությունների համար անցկացնել հանրաքվե: Նա մասնավորապես նշել է, որ եթե այն, ինչ տեղի ունեցավ երեկ ՀՀ Ազգային ժողովում, տեղի ունենար մեր արևելյան կամ արևմտյան հարևան պետություններից մեկում, կարելի էր լիաթոք ծիծաղել և լուծված համարել մեր արտաքին անվտանգության խնդիրը։ Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Քաղաքական տրագիկոմեդիան և իրավական աբսուրդի թատրոնը

Եթե այն, ինչ տեղի ունեցավ երեկ ՀՀ Ազգային ժողովում, տեղի ունենար մեր արևելյան կամ արևմտյան հարևան պետություններից մեկում, կարելի էր լիաթոք ծիծաղել և լուծված համարել մեր արտաքին անվտանգության խնդիրը։

88 «ժողովրդի սրտի» երեսփոխաններ, դեմքի լուրջ արտահայտությամբ և միտինգային պաթոսով հիմնավորում էին Սահմանադրության ավարտված և ուժը կորցրած հոդվածում փոփոխություն կատարելու «ժողովրդի» մանկական երազանքի իրականացման աննախադեպ անհրաժեշտության մասին, իսկ պետության ղեկավարը քրեական ենթամաշկույթ էր սփռում։

Էմոցիաներից զերծ և սթափ ուղեղով խնդիրը դիտարկելու պարագայում կոգնիտիվ դիսոնանսն անխուսափելի է, քանի որ բանականությունն անզոր է ընդունել այդ ֆարսը, երեսպաշտությունն ու կեղծիքը։

Կուլմինացիան, իհարկե, գոյություն չունեցող նորմը փոխելու հարցով համապետական հանրաքվե անցկացնելու որոշումն էր, որի արդյունքում առնվազն 2 ամիս մեր քաղաքական և հասարակական ամբողջ դաշտը գտնվելու է ծայրահեղ լարվածության մեջ՝ ատելության և թշնամանքի աննախադեպ տարափի ու արդեն զզվել դարձած ձայնային ելևեջների ճնշման ներքո։

Սակայն այստեղ կա մի շատ ավելի կարևոր հարց. ի՞նչ է տեղի ունենալու Հայաստանի կյանքում այս երկու ամսվա ընթացքում, որ հասարակությունը, զբաղված լինելով կեղծ օրակարգով, չպետք է նկատի, և այս հանրաքվեի աղմուկը ի՞նչ ավելի լուրջ և կարևոր աղմուկ պետք է խլացնի։

Զգոն եղեք, Հայաստանի համար Արցախից ավելի կարևոր հարց չկա, չի եղել և չի լինելու»: