Վաշինգտոնը հանգիստ կարձագանքի կորոնավիրուսի հետ կապված իրադրությանը

ԱՄՆ-ի նախագահը և Չինաստանի նախագահը հեռախոսազրույց են ունեցել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում խոստացել է, որ Վաշինգտոնը այսուհետեւ հանգիստ է արձագանքելու կորոնավիրուսի հետ կապված իրադրությանը: Այդ մասին ասված է հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ Չինաստանի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ։

Թրամփը հավաստիացրել է, որ «ԱՄՆ-ը հանգիստ է վերաբերելու եւ արձագանքելու կորոնավիրուսի բռնկմանը, պատրաստ է համագործակցել Չինաստանի հետ ինչպես երկկողմ շփումների միջոցով, այնպես էլ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կապուղիներով», ասված է ՉԺՀ-ի ԱԳ նախարարության կայքում զետեղված հայտարարության մեջ: ԱՄՆ-ի նախագահը, ինչպես նշել են ՉԺՀ-ի ԱԳՆ-ում, նաեւ հայտարարել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է իր փորձագետներին ուղարկել ՉԺՀ եւ օգնություն ցուցաբերել այլ եղանակներով:

Նա նաեւ հավելել է, որ այդչափ կարճ ժամկետում մասնագիտացված հիվանդանոցի կառուցումը տպավորիչ է եւ ցուցադրում է Չինաստանի մեծ հնարավորությունները արտակարգ իրավիճակներին հակազդելու ընդունակության հարցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: