Նախագիծը բառերի ու ցանկությունների անհաջող ու հիմնազուրկ կույտ է. վաղվա և տեղի ունենալիքի մասին պարտավոր ենք մտածել

Ավելի քան հասկանալի է թե ինչի էր Նիկոլ Փաշինյանը երեկ հիշել Արմեն Սարգսյանի գոյության մասին

Ազգային ժողովի արտահերթ նիստում (եթե հրավիրվի ու կայանա 06.02.2020թ.) քննարկվելու է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որն ըստ Ազգային ժողովի խորհրդի որոշման քննարկվելու է միանգամից երկու ընթերցմամբ և ամենայն հավանականությամբ նաև քվեարկվելու է երկու ընթերցմամբ:

Այն, որ այս նախագիծը բառերի ու ցանկությունների անհաջող ու հիմնազուրկ կույտ է` խոսվում է այն շրջանառության մեջ դնելու պահից: Եվ հուսալ, որ Ազգային ժողովի ամենամեծ խմբակցության պատգամավորների իրավագիտակցությունը և ընդհանրապես գիտակցությունը կտրուկ աճ կարձանագրի մի գիշերվա ընթացքում անիմաստ է: Իսկ մտածել վաղվա և այդ օրենքի քվեարկությունից հետո տեղի ունենալիքի մասին պարտավոր ենք:

Վաղվա քվեարկություններին հաջորդելու է օրենքի ստորագրման և հրապարակման փուլը: 
ՀՀ Սահմանադրության համաձայն` Ազգային ժողովի ընդունած օրենքը ստորագրում և հրապարակում է Հանրապետության նախագահը: 
ՀՀ Սահմանադրությունը Հանրապետության նախագահին վերապահել է նաև սահմանված ժամկետում Սահմանադրական դատարան դիմելու իրավասությունը: 
Արմեն Սարգսյանն իր պնդմամբ կարդացել և հասկացել է ոչ միայն Սահմանադրությամբ իրեն վերապահված գործառույթները, այլ նաև դրանց տողատակերը: Այս դեպքում անգամ տողատակերը կարդալու անհրաժեշտություն չկա: Անհարժեշտ է հակասահմանադրական, Սահմանադրությամբ իր իսկ լիազորություններին հակասող ու նախագահի ինստիտուտի հեղինակությունը նսեմացնելուն ուղղված այս նախագիծն ուղարկել Սահմանադրական դատարան:

Սա իրապես Արմեն Սարգսյանի վերջի, ամենավերջի շանսն է փրկելու նախագահի ինստիտուտը, իր անձնական հեղինակությունն ու խարխլված կշիռը: Գոնե մեկ անգամ փորձ անելու փրկել երկրի սահմանադրական կարգը:

Հ.Գ. Ավելի քան հասկանալի է թե ինչի էր Նիկոլ Փաշինյանը երեկ հիշել Արմեն Սարգսյանի գոյության մասին: Այս նախագծի ստորագրման համար սահմանված 21 օրյա ժամկետն իրապես վերջնագիր է Արմեն Սարգսյանի համար:
 

Աննա Մկրտչյան
Առաջինը Հայաստան նախաձեռնության համահիմնադիր,
իրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար