Շատ ու շատ հետաքրքիր զարգացումներ են լինելու. Ալեն Սիմոնյանն ասաց, որ նիստը կրկին հետաձգվել է

Հավանաբար այն կկայանա այսօր երեկոյան

ՀՀ Ազգային ժողովի խորհրդի նիստը կրկին հետաձգվեց: Քիչ առաջ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ նիստը հետաձգվել է օրակարգում նոր կետ ավելացնելու համար: Այս մասին հայտնում է News.am-ը:

«Խորհրդի նիստը հետաձգվեց օրակարգում նոր կետ ավելացնելու համար: «ԱԺ կանոնակարգ» օրենքի պահանջն է, որ դա արվի առանձին, այսինքն հնարավոր չէր այս նիստի ընթացքում ավելացնել նոր կետ: Դրա համար խորհրդի նոր նիստ կհրավիրվի»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ հավանաբար, այն կկայանա այսօր երեկոյան:

«Սա «Իմ քայլը» խմբակցության առաջարկն է եղել: Օրենքը և իրավունք ունեն տարբեր հնարավորություններ, մենք այդ հնարավորություններից օգտվել ենք և շարունակելու ենք օգտվել: Մեր ընդդիմախոսներին կարող եմ ասել, որ ամեն ինչ օրենքի սահմաններում արվելու է, ինչպես միշտ արվել է: Շատ ու շատ հետաքրքիր զարգացումներ են լինելու»,-ընդգծեց ԱԺ փոխնախագահը:

ԱԺ խորհրդի նիստը հետաձգվել էր նաև փետրվարի 4-ին: Խորհուրդը պետք է քննարկի «Իմ քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված սահմանադրական փոփոխությունների նախագիծն ԱԺ արտահերթ նիստում քննարկելու հարցը, որով առաջարկվում է դադարեցնել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և ՍԴ որոշ անդամների պաշտոնավարումը: