Մենք հաշվետու ենք ՀՀ ժողովրդի առաջ, ոչ թե Վենետիկի հանձնաժողովի. Ալեն Սիմոնյան

Սա վերջին բաստիոնն է նախկին իշխանության՝ դատական համակարգը, ամբողջովին զավթված Հայաստանի Հանրապետությունը մենք հերթականությամբ ազատագրում ենք

Ազգային ժողովի խորհրդի այսօր՝ 16:00-ին կայանալիք նիստում որոշում կկայացվի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի առաջարկած օրենքի նախագիծը քննարկելու նպատակով արտահերթ նիստ անցկացնելու վերաբերյալ։

Լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն ասաց, որ նախագծում որևէ փոփոխություն չի եղել, բացի թեթևակի շտկումից։ Հարցին՝ արդյոք նախագիծը պետք է քննարկվի Վենետիկի հանձնաժողովի հետ՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «ՀՀ իշխանությունը հաշվետու է եւ մի ընտանիքի անդամ է կազմում ՀՀ ժողովրդին՝ այն մարդկանց, որոնք մեզ քվեարկել են, եթե ՀՀ իշխանությունը նպատակահարմար կգտնի, եթե իրավական առումով ճիշտ կգտնի Վենետիկի հանձնաժողովի կամ որեւէ մեկ այլ մարմնի խորհրդակցական կարծիք հարցնել, մենք դա կանենք, մնացած բոլոր պարագաներում մենք հաշվետու են ՀՀ ժողովրդի առաջ»։

Հարցին՝ արդյոք ժողովրդի կարծիքը հարցրել են, Սիմոնյանը պատասխանեց. «Այո, երբ քվեարկության է դրվել ԱԺ պատգամավորների ցանկը եւ ՀՀ իշխող կուսակցության ծրագիրը։ ՀՀ ժողովուրդը մեզ ձայն է տվել, որ մենք ՀՀ–ում առկա իրավիճակը լուծենք, եւ դատական իշխանությունում առկա ճգնաժամը, որը ֆիքսվում եւ փաստվում է բոլոր կողմերից, լուծվելու է, եւ նաեւ դրա համար մենք ստացել ենք մանդատ։ Շատ մոտ ապագայում ՀՀ–ում ստեղծված իրավիճակը դատական համակարգում լուծվելու է ամբողջովին, եւ ՀՀ ժողովուրդը նաեւ մեր մասնակցությամբ դրա անմիջական մասնակիցն է»։

Հարցին՝ արդյոք վաղն արտահերթ նիստ է լինելու, եւ այս նախագիծը քննարկվելու է նախնական տեսքով, ԱԺ փոխնախագահը պատասխանեց. «Կարող է մի նախադասություն, մի քիչ փոփոխություն լինի, բայց բովանդակային իմաստով այդպես է լինելու, եւ չեմ բացառում այլ զարգացումներ իրավական առումով, որոնք տեղ կգտնեն, եւ որի նպատակը կլինի այդ իրավիճակը լուծել։ Որեւէ մեկի մոտ թող կասկած չլինի, սա վերջին բաստիոնն է նախկին իշխանության՝ դատական համակարգը, մենք ունեինք իրավիճակ, երբ ամբողջովին զավթված Հայաստանի Հանրապետությունը մենք հերթականությամբ ազատագրում ենք, եւ այդ պրոցեսը, կարծում եմ, այս տարի ավարտին կհասցնենք, եւ վերջնականապես կմոռանանք այն ամենը, ինչ եղել է անցած 30 տարիների ընթացքում»։

Լրագրողների հարցին՝ արդյոք երեկվա նիստի հետաձգումը կապ ուներ վարչապետ–նախագահ հանդիպման հետ, Սիմոնյանը պատասխանեց. «Զուտ տեխնիկական փոփոխությունների պատճառով է եղել հետաձգումը, որեւէ ինտրիգ դրա մեջ չկա ու չի կարող լինել»։

Սիմոնյանի խոսքով՝ նախագահի հետ այս հարցում քաղաքական իշխանությունն ունի համաձայնություն. «Ես ներկա չեմ եղել հանդիպմանը, ձեզ եւ հեռուստադիտողներին խորհուրդ եմ տալիս մշտապես վստահել վարչապետի խոսքին, որովհետեւ ինքը երբեւէ առիթ չի տվել մտածելու, որ իր խոսքը որեւէ ձեւ իրականությանը չի համապատասխանում»։