Փաշինյանի պահվածքի պատճառով փաստացի տուժում են հազարավոր հայեր

Սերժ Սարգսյանը հաճախ էր դիմում իր գործընկերներին, օրինակ՝ հայկական մրգի կազմակերպված արտահանումը դեպի ՌԴ հենց այդ խնդրանքի ու ոչ պաշտոնապես տրամադրված «լգոտի» արդյունքն էր

Դեռևս անցած ամսից սկսած ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող անհատների ու կազմակերպությունների համար տագնապալի լուրեր սկսեցին ստացվել Ղազախստանից, որի քաղաքացիները 2019 թվականին ԱՄՆ-ից Հայաստան ներկրված ավտոմեքենաների հիմանական գնորդներն էին։

Ըստ Ղազախստանի ՆԳՆ-ի, միայն անցած տարի իրենց երկիր է ներկրվել շուրջ 95 հազար ավտոմեքենա ու դրա մեծագույն մասը Հայաստանից, իսկ հիմա այդ երկիրը պնդում է, որ կատարված ու սպասվելիք հազարավոր գործարքները պետք է կատարվեն այլ պայմաններով, ինչը կարճ ասած նշանակում է, որ ղազախներն այլևս չեն գնի Հայաստանում կուտակված հսկայական թվով մեքենաները, իսկ հնարավոր է նաև արդեն գնվածի հետվերադարձ դեպի Հայաստան։ 

Ավտոներկրմամբ զբաղվող մեր զրուցակիցներից մեկը նշեց, որ ոմանք սկսել են հետ բերել իրենց մեքենաները Հայաստան ու փորձում են գումար պահանջել այն իրենց վաճառած ՀՀ քաղաքացիներից, իսկ ավտոշուկան այս պահին խայտառակ վիճակում է՝ հենց եկավ գույքահարկը վճարելու ժամանակը՝ մարդիկ ստիպված ջրի գնով վաճառելու են բերված մեքենաները, որ վարկերն ու պարտքերը փակեն։ 
Մեր աղբյուրները պնդում են, որ այս ամենի մեջ մեղքի իր բաժինն ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով, կարճ ասած, ԵԱՏՄ ղեկավարների համար չի ընկալվում որպես վստահելի, ռուսերեն ասած՝ սվոյ մարդ, ում խնդրանքներին վերաբերվում են խիստ մակերեսային և ամեն անգամ օրենքի տառն են դեմ տալիս, ինչպես սիրում է անել ինքը՝ Նիկոլը։ 

Խնդիրն իհարկե խորքային է ու իրական քաղաքականությունը ստատուս գրել չէ, իրական քաղաքականությունը պահանջում է նաև փակ, հաճախ ոչ այդքան «հպարտ» զրույցներ այլ ղեկավարների հետ, ինչը Փաշինյանն անել չի կարող ու փաստացի իր պահվածքի պատճառով տուժում են հազարավոր հայեր։ Իհարկե, ինչպես հաճախ է լինում՝ օրենքի տառին համապատասխան, Նիկոլը մեղք չունի։ 

Հ․Գ մեր աղբյուրները պնդում են, որ ժամանակին Սերժ Սարգսյանը հաճախ էր դիմում իր գործընկերներին՝ այս կամ այն խնդրանքով, օրինակ՝ հայկական մրգի կազմակերպված արտահանումը դեպի ՌԴ հենց այդ խնդրանքի ու ոչ պաշտոնապես տրամադրված «լգոտի» արդյունքն էր։ Եթե ղեկավարը վստահություն չներշնչեց, նրան ոչ ոք չի ընդառաջի, իսկ մենք հիմնականում կախված ենք արտաքին աշխարհից եւ հատկապես ԵԱՏՄ գործընկերների վերաբերմունքից։

Աշոտ Մկրտչյան տնտեսագետ

Նյութի աղբյուրը՝ hraparak.am