Չինաստանից գերմանացիներ տարհանող ինքնաթիռին Մոսկվայում մերժել են վայրէջք կատարել

Օդանավը հարկադրված վայրէջք է կատարել Հելսինկիում

Ռուսաստանը մերժել է Գերմանիայի քաղաքացիներին չինական Ուհան քաղաքից նոր տեսակի կորոնավիրուսի պատճառով տարհանող ինքնաթիռին տեխնիկական վայրէջք կատարել երկրի տարածքում: Այս մասին tert.am-ի փոխանցմամբ՝ հաղորդում է ֆիննական Helsingin Sanomat թերթը:

Օդանավը Մոսկվայում ծրագրվածի փոխարեն հարկադրված վայրէջք է կատարել Հելսինկիում: Ֆիննական Finavia ընկերությունը РИА Новости-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը, որ ինքնաթիռը վայրէջք է կատարել Ֆինլանդիայի մայրաքաղաքում: Այստեղ պատմել են, որ դա տեխնիկական գործընթաց է, երբ ուղևորներն ինքնաթիռը չեն լքում, այլ փոխվում է անձնակազմը: Նշվում է, որ ինքնաթիռում 126 մարդ է եղել:

РИА Новости-ի աղբյուրը, մեկնաբանելով տեղի ունեցածն, ընդգծել է, որ Ռոսավիացիան չինական Ուհանից իրենց քաղաքացիներին տարհանող արտասահանյան ընկերություններին չի թույլատրել տեխնիկական վայրէջքներ կատարել Ռուսաստանում: Միևնույն ժամանակ այս տեղեկությունը պաշտոնապես դեռ չի հաստատվել:

Գերմանիայի իշխանությունները արդեն խոստացել են քննարկել այս իրավիճակը: Երկրի պաշտպանության նախարար Աննեգրետ Քրամփ Քարրենբաուերի խոսքով՝ Բեռլինն այդ թռիչքի թույլտվությունն ունեցել է: Նախարարը պնդում է, որ «վայրէջքի թույլտվությունը խոստացված է եղել»:

«Սակայն ամեն բան այլ է ստացվել»,- նրա խոսքերը մեջբերել է dpa գործակալությունը: