ԲՀԿ-ականները բոյկոտել են նիստը

Փակ քննարկման ժամանակ միջադեպ է ծագել

«Հրապարակ» թերթը գրում է. «Ատելության խոսքի դեմ ԱԺ-ում ստեղծված աշխատանքային խումբը նախօրեին փակ քննարկում է արել՝ թվով 2-րդը, օրենսդրական բարեփոխումների նախագիծ պետք է մշակեն։ Նախօրեի քննարկմանը իշխանականների եւ ԲՀԿ-ական Շաքե Իսայանի ու Արման Աբովյանի միջեւ միջադեպ է ծագել, որից հետո ԲՀԿ-ականները բոյկոտել են նիստը։

Ներկա են եղել նաեւ ՄԻՊ գրասենյակի, Գլխավոր դատախազության, արդարադատության նախարարության եւ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները։ Դեռ դեկտեմբերի 9-ին աշխատանքային խումբը հայտարարություն էր տարածել՝ առաջարկելով հայտեր ներկայացնել նաեւ ՀԿ-ներին ու փորձագետներին, պայմանով, որ առնվազն 5 տարվա գործունեության փորձ եւ 2015թ. դեկտեմբերից առայսօր թեմայի շուրջ աշխատանք կատարած լինեն։

ԲՀԿ-ականները տեղեկացրել են, որ իրենց են դիմել տասնյակ ՀԿ-ներ՝ դժգոհելով, որ հայտերի ընդունման հայտարարությունը պատշաճ չի տարածվել, ժամկետը կարճ է եղել, չեն հասցրել դիմել, ուստի խնդրում են իրենց եւս ներգրավել, նաեւ՝ հանել ՀԿ-ների առաջ դրված պայմանները։

Սակայն իմքայլականները մերժել են այս առաջարկը եւ հաստատել իրենց դիմած ՀԿ-ների ցուցակը՝ 15 ՀԿ եւ 4 փորձագետ։ «Մենք, ծանոթանալով այդ ցուցակում ընդգրկված ՀԿ-ների կազմին, որոշեցինք բոյկոտել»,- ասաց Շաքե Իսայանը՝ չմանրամասնելով, թե որ ՀԿ-ներն են ընդգրկվել․ «Փակ քննարկում է՝ կոռեկտ չեմ համարում խոսել այդ մասին»։

ԲՀԿ-ն որոշել է հարցը քննարկել խմբակցությունում, որպեսզի հասկանան հետագա քայլերը։ Նրանք առաջարկել են նաեւ քննարկումը բացել լրատվամիջոցների համար, պատասխանել են՝ դեռ այդ փուլը չէ։ Ի դեպ, ԼՀԿ-ն նիստին չի մասնակցել՝ զբաղվածության պատճառաբանությամբ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: