Հայաստանի իշխանությունը պետք է խոստովանի, թե ինչ փաստաթղթի շուրջ է բանակցում. Տարասով. tert.am

ԼՂ հարցի շուրջ ընթանում են բանակցություններ

Ռուսաստանցի վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի խոսքով`Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը ոչ այլ ինչ էր, եթե ոչ բանակցություն:

Նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ դրա մասին վկայում է հանդիպման տևողությունը` հունվարի 29-ին`7, հունվարի 30-ին՝ ավելի քան 4 ժամ:

«Ընթանում են բանակցություններ՝ կոնկրետ ինչ-որ փաստաթղթի շուրջ»,- ասաց նա`նշելով, որ ՀՀ իշխանությունները պետք է անկեղծ լինեն հայ ժողովրդի հետ և ասեն, թե ինչ փաստաթուղթ է դա:

Իր համոզմամբ`բանակցությունները հիմա ընթանում են «Մադրիդյան սկզբունքների» շուրջ, սեղանին դեռ այդ փաստաթուղթն է: Նա տարօրինակ համարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ իրեն Սերժ Սարգսյանն է ժառանգություն թողել «Մադրիդյան սկզբունքները», իրենք հիմա բանակցային սեղանին դա չեն քննարկում:

«Հայաստանի վարչապետը հայտարարում է մի բան, արտգործնախարար Մնացականյանը հանդիպումներում անում է այլ բան: Նա վարում  է բանակցություններ կոնկրետ փաստաթղթի շուրջ, և դա «Մադրիդյան սկզբունքներն» են: Նրա արածն ու Փաշինյանի ասածները միմյանց չեն համապատասխանում»,- ասաց նա` համարելով, որ Փաշինյանն իր հայտարարություններով թաքցնում է իրականությունը:

Ստանիսլավ Տարասովի կարծիքով` երկարատև բանակցություններում անհնար է, որ քննարկվեն միայն հումանիտար հարցեր: Դա, ըստ նրա, կարող էր ոչ ավելի, քան մեկ ժամ տևեր: «Որոշում են շարունակել մարդասիրական քայլերը, լրագրողների այցերը կազմակերպել, գերիներին ազատեն և այլն, դա կարող է մեկ ժամ տևել, ոչ ավելի: Մնացած ժամերին ի՞նչ է քննարկվում: Սա հարց է, որի պատասխանը Հայաստանի իշխանությունը պետք է տա ժողովրդին»,- ասաց նա:

Նա թերահավատորեն վերաբերեց նաև վարչապետի այն հայտարարությանը, որ ինքը Հայաստանի այն միակ ղեկավարն է, որ թափանցիկ ներկայացնում է բանակցային գործընթացը, մատնանշեց` համանախագահների` վերջին հանդիպումից հետո արած հայտարարության մեջ այն մասը, ըստ որի, պետք է բանակցություններն ընթանան գաղտնիության սկզբունքի վրա:

«Մնացականյանը բանակցություններում այլ բան է քննարկում, իսկ Փաշինյանը հրապարակային խոսում է այլ բանի մասին: Դա տարակուսանք է առաջացնում համանախագահների մոտ»,- նշեց նա:

Ռուսաստանցի քաղաքագետի խոսքով` կարելի է Ադրբեջանին շատ հարցերում քննարկել, բայց գոնե հասկանալի է, թե ինչ է նրա ուզածը: Հայկական կողմի դեպքում` դա բացահայտ չի ասվում:

«Շատ կարևոր է հասկանալ, որ սա մի կոնյակի հարց չէ: Սա մի հարց է, որը վերաբերում է Հայաստանին, հայ ժողովրդին: Հայաստանի իշխանությունը պետք է բացեիբաց իր ժողովրդին հայտարարի, թե ինչի շուրջ է իրականում բանակցում»,- ասաց նա: