Դա վարչապետի կողմից ուժի ցուցադրման փորձ էր, զուտ շոու. Վիգեն Հակոբյան

Պետք էր շոու ապահովել, հանրությունն էլ տոնական օրով ավելի շատ ազատ ժամանակ ուներ, հեռուստատեսությամբ էլ կարող էր ավելի շատ հետևեր, այդ պատճառով էլ ընտրվեց հենց այդ օրը

Քչերը կգտնվեն, որ կվիճարկեն, թե վարչապետի՝ «գրիչի» փաստարկը նպաստեց նրա վարկանիշին, ընդհակառակը՝ այդ դրվագը ձախողում էր, որը բավականին լուրջ իմիջային հարված հասցրեց նրան: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակած ապացույցին, ըստ որի ՍԴ նախագահը ծառայություններ է առաջարկել իրեն:

«Այնպիսի ռեակցիա էր առաջացել Փաշինյանի այդ հրապարակումից հետո, որ անգամ նրա կողմնակիցները սոցցանցերում և այլուր մի պահ ոնց որ կաթվածահար վիճակում լինեին, չգիտեին ինչպես անդրադառնային, որովհետև վարչապետն այնպիսի սպասումներ էր առաջացրել, որ բոլորն ինչ-որ վերջնական հարվածի պատրանքների մեջ էին, բայց ներկայացվեց այն, ինչ որ ներկայացվեց: Պարզ էր, որ դա տապալում էր, իսկապես»,- ասաց նա:

Ըստ Հակոբյանի՝ այդ իմիջային հարվածն այնպիսին էր, որ վարչապետը ստիպված էր հաջորդ օրն էլ հանդես գալու որոշակի պարզաբանումներով ֆեյսբուքյան ուղիղ եթերով, որոնք նախ և առաջ ուղղված էին իր թիմին, որոնք հայտնվել էին խառնաշփոթի մեջ. «Այդ ուղիղ եթերն էլ, այսպես ասած, իր թիմին դուխ տալու համար էր և ինչ-որ փորձ՝ այդ անհարմար իրավիճակից դուրս գալու համար: Թեպետ դա էլ չստացվեց, որովհետև ի սկզբանե հիմքերը շատ թույլ էին: Ինչ կապված էր այդ «գրիչի» պատմությանը՝ թե՛ առաջին սերիան, թե՛ երկրորդ սերիան հանգիստ կարելի է վարչապետի համար բացասական դրվագ համարել»,- ասաց նա:

Վիգեն Հովսեփյանն անդրադարձավ նաև «գրիչի» թեմային հաջորդող մի քանի դրվագի, որոնք ըստ նրա, այդ թեման շեղելու համար էր: Նա անդրադարձավ Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Հենրիկ Հարթենյանի հրաժարականին: Հիշեցնենք, որ Հարթենյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել էր ՍԴ նախագահի դստեր՝ Ֆեյսբուքի ենթադրյալ էջը և գրել. «Ձեզ տեսնեմ»: Ըստ նրա՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի հարցազրույցն էլ էր «գրիչի» թեման շեղելու համար:

«Իմ կարծիքով՝ թե այդ երիտասարդի գրառումը, հետագա ռեակցիան և դրան հաջորդած հրաժարականը, նաև Ալեն Սիմոնյանի հարցազրույցում արված որոշակի հայտարարությունները հիմնականում մի նպատակ ունեին՝ նոր երանգներ մտցնել խաղի մեջ, և իհարկե, «գրիչի» թեման շեղել:  Փորձ արվեց ուժեղացնել ակնհայտորեն տապալված դիրքերը: Ավագանու անդամի նման գրառումը նոր երևույթ չէ, մինչ այդ էլ նմանատիպ բազմաթիվ գրառումներ և հայտարարություններ արվել ու արվում են. դրանց մի մասն անտեսվում էր, որոշները՝ խրախուսվում: Չեմ բացառում, որ այդ երիտասարդն ուղղակի զոհաբերվեց»,- ասաց նա:

Անդրադառնալով նախօրեին բերման ենթարկվածներին՝ նա ասաց, որ այդ դեպքերը նույն «գրիչի» դեպքի տապալված լինելու հետևանքն էր: Հիշեցնենք, որ երեկ ապօրինի զենք պահելու կասկածանքով բերման էին ենթարկվում հասարակական-քաղաքական գործիչներ:

«Վարչապետը, հասկանալով որ բավականին լուրջ տրամադրություններ փոխվեցին այդ պատմությունից, փորձեց ցույց տալ, որ տիրապետում է իրավիճակին. դա ուժի ցուցադրում էր: Նա պարզապես ցույց տվեց՝ կարող է ասֆալտին փռել, պատին ծեփել: «Գրիչի» հետ կապված իրադարձությունից հետո, դա նախևառաջ իր թիմակիցների, ապա հանրությանը ցույց տալու փորձ էր, որ ինքը տիրապետում է իրավիճակին, ուժեղ է»,- նշեց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ դա բավականին կանխատեսելի գործողություն էր և արվեց հենց այն մարդկանց նկատմամբ, որոնք ամենակտրուկ ձևով են հանդես գալիս իր դեմ:  «Նա ցույց տվեց, թե իր համար ասֆալտին փռելը պրոբլեմ չէ, բայց ես չեմ կարծում, թե նրանք այնքան պրիմիտիվ են, որ կարծում են, թե այդ մեթոդներով կարող են այդ մարդկանց վախեցնել, որովհետև այդ մարդկանց դեմ նմանատիպ բազմաթիվ գործողություններ են եղել: Սա զուտ շոու էր»,- ասաց նա:

Իսկ թե ինչու հենց բանակի օրը այդ գործողությունն արվեցին, Վիգեն Հակոբյանը նշեց. «Պետք էր շոու ապահովել, հանրությունն էլ տոնական օրով ավելի շատ ազատ ժամանակ ուներ, հեռուստատեսությամբ էլ կարող էր ավելի շատ հետևեր, այդ պատճառով էլ ընտրվեց հենց այդ օրը: Պարզ հաշվարկ էր՝ հնարավորինս շատ զանգվածներ պառկեցնել ասֆալտին և ցույց տալ: Դա ուժի ցուցադրում էր, ինքնահաստում և փորձ շտկել նախորդ մեկ-երկու օրվա ձախողումը»,- շեշտեց նա:

Հակոբյանը բացառեց, որ ոստիկանությունը գործել է առանց վարչապետի հրահանգի և հավելեց, որ եթե ինքնագործունեություն լիներ, ապա վարչապետը կզգուշացներ ոստիկանապետին և Նարեկ Սամսոնյանին ավելի ուշ բերման չէին ենթարկի:

Նյութի աղբյուրը՝ tert.am