«Իմ քայլը» խմբակցության աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է Ադրբեջանի նախագահը». Փաշինյան

Նա խնդիր է դրել, որ խորհրդարանում լինեն երիտասարդ մարդիկ, որոնց կրթական ցենզն ավելի բարձր է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ ԱԺ «Իմ քայլը»  խմբակցության հետ հանդիպելիս և որոշ քննարկումներ անելիս, այնպես է ստացվում, որ որոշ հարցերում ինքն է դժգոհ, որոշ հարցերում՝ խմբակցությունը:

«Կարծում եմ՝ նրանք կուզեին, և ես էլ կուզեի, որ մեր շփումն ավելի հաճախ լիներ: Ընդհանրապես մեր թիմը և քաղաքական կուսակցությունը ազատ մարդկանց թիմ է: Լինում է, որ Կառավարությունն է խորհրդարանի աշխատանքի մեջ խնդիր տեսնում, լինում է և հակառակը, ինչ է, մենք սովոր ենք, որ որևէ քննարկում չլինի, որևէ խնդիր չլինի: Մենք դրան ենք սովոր, չկա նման բան»,- այսօր Կապան քաղաքում հրավիրած մամուլի ասուլիսին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով այն խոսակցություններին, որ վարչապետը դժգոհ է իմքայլական որոշ գործընկերներից և մտադրված է նրանցից ազատվել:

Վարչապետն ընդգծեց, որ ինքը երբեք իր աշխատանքից գոհ չէ և գոհ չի էլ լինելու, ուստի նվազում է հավանականությունը, որ ուրիշների աշխատանքից կարող է գոհ լինել:

«Խմբակցության հետ վերջին հանդիպումներում ասել եմ, որ Հայաստանի գործող խորհրդարանի և «Իմ քայլը» խմբակցության աշխատանքի ամենապերճախոս գնահատականը տվել է Ադրբեջանի նախագահը, որը լուծարել է իր երկրի խորհրդարանը և ըստ էության բառացիորեն ընդունել է, որ այն չի համապատասխանում ժամանակակից պահանջներին: Նա խնդիր է դրել, որ խորհրդարանում լինեն երիտասարդ մարդիկ, որոնց կրթական ցենզն ավելի բարձր է: Այս պահանջը որտեղի՞ց է առաջացել, առաջացել է Հայաստանի խորհրդարանական մեծամասնության գործունեությանը հետևելու արդյունքում: Ինչու այսօրվա խորհրդարանական մեծամասնությանն իր ինտելեկտուալ մակարդակով կարելի է  համեմատել նախորդ խորհրդարարանական մեծամասնությունների հե՞տ, իհարկե չի կարելի, համեմատության եզր չկա»,- շեշտեց վարչապետը:

Ինչ վերաբերում է խորհրդարանական արտահերթ ընտրություններին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դրա հետ կապված սահմանադրական հատուկ մեխանիզմներ են դրված.

«Հո խորհրդարանական ընտրությունները քմահաճույք չե՞ն, եթե դրա քաղաքական որևէ նախադրյալ չկա, հո այն խաղ ու պար չէ՞: Իմ կանխավարկածն այն է, որ մենք կունենանք հերթական խորհրդարանական ընտրություններ, բայց մյուս կողմից էլ՝ հո մենք նախորդ իշխանության նմա՞ն չենք, որ ասենք՝ ոչ մի պարագայում»,- նշեց վարչապետը:

Վարչապետը նաև ընդգծեց, որ բոլոր այն ուժերը, որոնք թեժ աշուն կամ թեժ աշուն սպասումների պայմանների մեջ են, պարզապես զբաղված են սովորական ինքնաոչնչացմամբ: