Այդ զե՞նք եք բերել Ազգային ժողովի դահլիճ. Արարատ Միրզոյանը՝ Գորգիսյանին

Պարոն Գորգիսյան ջան, հարց չկա, ավելի մեղմ իրար նկատմամբ դիրքավորվենք, բայց էլ զենք մի բերեք Ազգային ժողովի դահլիճ
արարատ միրզոյան

Պարոն նախարար ջան, եթե մենք խոսում ենք անցյալում մնալու մասին, ինձ մոտ հաճախ տպավորություն է ստեղծվում, որ Դուք հաճախ չեք գիտակցել, որ մեկուկես տարուց ավելի իշխանություն եք և չկան այլ իշխանություններ, ում դեմ պետք է պայքարել: Այս մասին Ազգային ժողովի դահլիճում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը` դիմելով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին: 

«Դուք պետք է կառուցեք, համակարգեր ներդնեք, եթե կան խնդիրներ հին գործիքներով նոր արդյունքի չենք կարող հասնել, որովհետև մենք միասին էինք պայքարում այդ խնդիրները այդ գործիքներով լուծելու դեմ: Մեզ մեղադրում եք, թե ինչ հռետորաբանության մեջ եք մնացել: Հարգելիներս, սա կոչվում է բումերանգ, եթե սա շպրտում ես, հետո հետ է գալիս»,-ասաց նա և ծոցագրպանից հանեց բումերանգ:

«Այդ զե՞նք եք բերել Ազգային ժողովի դահլիճ»,- հարցրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ինչին Գևորգ Գորգիսյանն արձագանքեց.«Հուշանվեր է, պարո՛ն Միրզոյան»:

Շարունակելով իր ելույթը, Արարատ Միրզոյանը կոչ արեց հարգել ինստիտուտները և այս ամբիոնից Ազգային ժողովի հետ չխոսել քամահրանքով, բարձր տոնայնությամբ և վերևից: «Չի կարելի անընդհատ հետ գնալ նույն երկխոսության, թե ով է սև, ով՝ սպիտակ, ով է հին, ով է նոր»,-հավելեց նա:

Ելույթից հետո Արարատ Միրզոյանը կատակեց.«Պարոն Գորգիսյան ջան, հարց չկա, ավելի մեղմ իրար նկատմամբ դիրքավորվենք, բայց էլ զենք մի բերեք Ազգային ժողովի դահլիճ»: