Կործանված ինքնաթիռի սև արկղերի վերծանումը կկատարվի Իրանում

Աշխատանքներ են կատարվում այդ հարցի լուծման համար անհրաժեշտ սարքավորումների եւ ծրագրային ապահովման նախապատրաստման ուղղությամբ

Կործանված ուկրաինական ինքնաթիռի սեւ արկղերի գրանցումների վերծանումը կկատարվի Իրանում: Այդ մասին հունվարի 22-ին հայտնել է Fars իրանական գործակալությունը՝ մեջբերելով Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ քաղաքների զարգացման նախարար Մոհամադ Էսլամիի հայտարարությունը։

Նրա խոսքով՝ «Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական հանրանավի ինքնագրիչների վերծանումը կանցկացվի Իրանի տարածքում»: Էսլամին պարզաբանել է, որ ներկայում «աշխատանքներ են կատարվում այդ հարցի լուծման համար անհրաժեշտ սարքավորումների եւ ծրագրային ապահովման նախապատրաստման ուղղությամբ»:

Հունվարի 21-ին Al Arabiya հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությանը, հայտնել է, որ Իրանի իշխանություններն ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից սարքավորում են խնդրել «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737-ի սեւ արկղերի վերծանման համար:

Ըստ այդ տեղեկատվության՝ Իրանն անհրաժեշտ տեխնոլոգիաներ չունի Boeing 737 հանրանավերում տեղակայված սեւ արկղերի մոդելից տվյալների վերծանման համար: Հունվարի 20-ին Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության պատահարների հետաքննության բաժնի ղեկավար Հասան Ռեզայեֆարը հայտնել է, որ Իրանի իշխանություններն Ուկրաինային տեղեկատվություն կփոխանցեն Թեհրանի մերձակայքում կործանված ուկրաինական հանրանավի ինքնագրիչներից:

Պաշտոնյան նշել է, որ Իրանը դեռեւս որոշում չի ընդունել ուկրաինական հանրանավի սեւ արկղերն արտասահման ուղարկելու մասին եւ ինքնուրույն կվերծանի օդանավի ինքնագրիչները: Հունվարի 8-ին «Ուկրաինայի միջազգային ավիաուղիներ» ընկերության Boeing 737 ինքնաթիռն աղետի է ենթարկվել Թեհրանի օդանավակայանից թռիչքից հետո:

Օդանավի կործանման հետեւանքով զոհվել է 176 մարդ, այդ թվում՝ Իրանի, Կանադայի, Ուկրաինայի, Շվեդիայի, Աֆղանստանի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի քաղաքացիներ; Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հունվարի 11-ին տարածել է հայտարարություն, որում ընդունել է, որ ինքնաթիռը սխալմամբ խոցվել է հակաօդային պաշտպանության հրթիռներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: