Մանվել Գրիգորյանի գիտակցությունը տեղն է. նա վերակենդանացման բաժանմունքում է

Նրա սրտի ռիթմի աշխատանքը շարունակում է մնալ արագ, նախկինի պես մինչև 160 չի հասնում, բայց 130-140 է. պաշտպան

Նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երեկ նրա մոտ արձանագրվել է արյան ճնշման բարձրացում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախակին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:

«Նրա գիտակցությունը տեղն է, բայց միևնույն է՝ սրտի ռիթմի աշխատանքը շարունակում է մնալ արագ: Ճիշտ է, նախկինի պես մինչև 160 չի հասնում, բայց 130-140 է, որը ևս համարվում է բարձր։ Նման աշխատանքի դեպքում սրտի ծանրաբեռնվածությանը մեծ է»,- նշեց նա:

Արսեն Մկրտչյանն ընդգծեց, որ բժիշկները շարունակում են նրա վիճակը ծանր գնահատել: «Վտանգի պիկը 48 ժամն էր գնահատվում, սակայն դեռ չի հասել սրտի ռիթմի աշխատանքը չի հասել 85-90-ի, որ վերակենդանացման բաժանմունքից տեղափոխեն»,- նշեց նա:

Արսեն Մկրտչյանը նշեց, որ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը բարդացել է կալանքի պայմաններում, ինչի վերաբերյալ դատարանին պարբերաբար տեղեկացրել են ներկայացնելով նաև խափանման միջոցի փոփոխության բազմաթիվ միջնորդություններ, որոնք սակայն մերժվել էին:

Նշենք, որ հունվարի 15-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը որոշեց կալանքից ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին, խափանման միջոց ընտրվեց ստորագրություն չհեռանալու մասին: Դատարանը բավարարել էր խափանման միջոցի փոփոխության՝ Դատախազության միջնորդությունը, որը ներկայացվել էր Մանվել Գրիգորյանի առողջության կտրուկ վատթարացումը հաշվի առնելով: Մանվել Գրիգորյանը հունվարի 14-ին «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել: