Ուկրաինական Boeing-ի «սև արկղերը» կփոխանցվեն Կիևին. Իրանը հաստատել է

Եթե ուկրաինացի մասնագետներին չհաջողվի վերծանել դրանց տվյալները, ապա «սև արկղերը» կուղարկվեն Ֆրանսիա

Իրանի քաղավիացիայի կազմակերպության ավիավթարների հետաքննության բաժնի ղեկավար Հասան Ռեզաիֆարը հաստատել է, որ Թեհրանն Ուկրաինային կփոխանցի հունվարի 8-ին Թեհրանում խոցված ուկրաինական Boeing-ի «սև արկղերը»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով իրանական աղբյուրին:

Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ հաճախ են հանդիպումներ ունեցել ուկրաինացի փորձագետների հետ, և ուկրաինական կողմի խնդրանքով «սև արկղերը» կուղարկվեն այդ երկիր:  

Ուրբաթ Ուկրաինայի ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոն հայտարարել էր, որ «սև արկղերը» կփոխանցվեն իրենց: Վերջինս հավելել էր, որ եթե ուկրաինացի մասնագետներին չհաջողվի վերծանել դրանց տվյալները, ապա «սև արկղերը» կուղարկվեն Ֆրանսիա:

Հիշեցնենք, որ հունվարի 8-ին «Ուկրաինական ավիաուղիներին» պատկանող ինքնաթիռն օդ բարձրանալուց րոպեներ անց սխալմամբ խոցվել է իրանական ուժերի կողմից: Ավիավթարի հետևանքով 176 մարդ է մահացել, որոնք Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ էին: