Փաշինյանը, որ ամեն անհեթեթ առիթն օգտագործում է ֆեյսբուքյան լայֆի համար, լռում է

Սա էլ հո ԱՄՆ-Իրան հակամարտությո՞ւնը չի, որ մի ցավակցություն հայտնելուն լուրջ քաղաքական նշանակություն տրվի

Աղասի Ենոքյանն իր էջում գրում է.

«Գեորգի Կուտոյանի սպանության առթիվ այսօրվա ֆեյսբուքյան վակխանալիան Նիկոլ Փաշինյանի իշխանության կարեւորագույն ձեռքբերումն ու ցուցանիշն է։ Իշխանական քարոզիչներին առանձնապես չի հուզում, որ երիտասարդ է զոհվել, չի հուզում, որ սա մեկ տարվա մեջ նախկին բարձր ուժայինի երրորդ սպանությունն է, որ սա ազգային անվտանգության մեծագույն սպառնալիք է։

Նրանց հուզում է միայն, թե ինչպես կարելի է այս իրադարձությունը օգտագործել նախկիններին վատաբանելու, եւ, իրենց տրամաբանությամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ամրապնդելու գործում։ Իսկ սոցցանսերից ատելության ժահր էր թափվում՝ սա է «սիրո եւ համերաշխության հեղափոխության» արդյունքը։

Իսկ Նիկոլ Փաշինյանը, որ ամեն անհեթեթ առիթն օգտագործում է ֆեյսբուքյան լայֆի համար, լռում է։ Սա էլ հո ԱՄՆ-Իրան հակամարտությո՞ւնը չի, որ մի ցավակցություն հայտնելուն լուրջ քաղաքական նշանակություն տրվի։

Մարդը վերացել է քաղաքականությունից, մարդը պարզապես դարձել է գործիք՝ կերակրատաշտի մոտ սեփական տեղը ամրապնդելու համար»։