Սերը նախատեսում է. ԱՍՏԾՈ ԿԱՆՉԸ

Ինձ հասկանալը ձեզ մեծ ուրախություն կպատճառի

Հիսուս

Հունվարի 18

Ոչ ոք Ինձ զուր չի փնտրում: Սպասում ու սպասում եմ այն հույսով, որ ահա կկանչեք Ինձ: Ես ձեր կարիքները տեսնում եմ նախքան ձեր դիմելը Ինձ, մինչև անգամ՝ նախքան ձեր կողմից այդ կարիքները տեսնելը: Ես նախապես ունենում եմ ձեր պատասխանը, ճիշտ այն մոր նման, որ մի կողմ դնելով՝ ընտիր նվերներ է պատրաստում իր աղջկա պսակադրության համար՝ շատ առաջ, քան հարսանիքը:

Աստծո կանխատեսյալ Սերը մի բան է, որ չի տեսնվում և հասու չէ մահկանացուների մտքին: Մտածեք այս իրողության մասին: Հեռու վանեք ձեր մտքից անմիտ պատկերացումը դժնդակ Աստծո, որին հարկավոր է աղոթել հառաչանքներով, արցունքներով ու խոսքերի հեղեղներով, որպեսզի նա ակամա կամ ճարահատ տա պահանջվող գանձերը: Իմ մասին ունեցած մարդկանց պատկերացումները պետք է մեծապես փոխվեն:

Հապա մի նայեք մորը, որ հաճելի նվերներ է պատրաստում իր զավակների համար՝ նրանց ծննդյան կամ Սուրբ Ծննդի օրվա առթիվ: Ինչպես է հուզվում ու թրթռում մայրական սիրտը. կանխազգալով իր զավակի ուրախությունը՝ իր սիրտն էլ է համակվում քնքուշ ուրախությամբ: Որտեղից է սովորել մայրը այս նախապատրաստությունները և այսօրինակ ապրումը հրճվանքի. Ինձնից. սրանք փոքրիկ արձագանքներն են Իմ Պատրաստության ու Իմ Ուրախության:

Աշխատեք տեսնել այս, երբ նախատեսված ծրագրերի ծալքերը երևան: Հասկացված լինելն Ինձ համար էլ մեծ նշանակություն ունի, իսկ ինձ հասկանալը ձեզ մեծ ուրախություն կպատճառի: