«Մանվել Գրիգորյանի տանը նկարահանած իրերն իրականում նկարահանվել են ուրիշ վայրում». պաշտպան

«Իսկ թե անձամբ ո՞վ է դրանով զբաղվել, կարևոր չէ. կարևոր է, թե ո՞վ է թույլ տվել կամ հրահանգավորել»
մանվել գրիգորյան

Մանվել Գրիգորյանի ձերբակալության օրը նրա տան խուզարկության մասին տեսանյութում ցուցադրված իրերը հայտնաբերվել են ուրիշ վայրում, իրականում նկարահանվել են ուրիշ  վայրում: Այս մասին 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի ժամանակհայտարարել է գեներալի փաստաբան Արսեն Մկրտչյանը: Նրա խոսքով՝  այն, որ դա մոնտաժ է, որ իրականությանը չհամապատասխանող է այդ տեսանկարահանումը, այն, որ այդ իրերը նկարահանված են այնտեղ, որտեղից չեն հայտնաբերվել, ինքը գիտեր գործին ներգրավվելու հենց երկրորդ օրը. «Իսկ թե անձամբ ո՞վ է դրանով զբաղվել, կարևոր չէ: Կարևոր է, թե ո՞վ է թույլ տվել կամ հրահանգավորել»,- ասել է պաշտպանը:

Հիշեցնենք, որ «Քաղաքացիական գիտակցություն» հ/կ նախագահ ու antifake.am կայքի հիմնադիր Նարեկ Սամսոնյանը օրերս ֆեյսբուքյան լայվով հայտարարել էր, թե հավաստի տեղեկություններ ունի, որ գեներալի տան խուզարկության ժամանակ նկարահանված, «այսպես ասած, «տուշոնկա» օպերացիան կազմակերպվել ու մոնտաժել է այն ժամանակ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական, այժմ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանը։

Պաշտպանը վստահ է, որ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու վերջնական որոշումն ընդունվել է ոչ դատարանում, և ոչ էլ դատախազությունում. այդ որոշումն, ըստ նրա, ընդունվել է երկրի ղեկավարի մակարդակով:

Անդրադառնալով  Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի հայտարարությանը, թե նախաքննության փուլում ինքը մի քանի անգամ նախաքննական մարմնին միջնորդել է փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, բայց մերժում է ստացել, և, որ ակտիվորեն համագործակցել է գեներալի փաստաբանների հետ, Արսեն Մկրտչյանը նշել է՝ ասել, որ իրենք ակտիվ են համագործակցել, նշանակում է՝ ոչինչ չասել: «Արման Թաթոյանն այսօր ուղղակի մասնակցություն ունի կոնկրետ Մանվել Գրիգորյանի կյանքը փրկելուն»,- ասել է պաշտպանը. «Հանձին Արման Թաթոյանի՝ մենք այսօր ունենք մարդու իրավունքների պաշտպանի կայացած ինստիտուտ»: