Միշուստինը նշել է բարեփոխումների առաջնահերթությունները

Առաջին բանը, որն անհրաժեշտ է անել, այսօր սահմանադրական բարեփոխումներով, կառավարման բարեփոխմամբ լրջորեն զբաղվելն է եւ, իհարկե, ամենաարդիական տեղեկատվական տեխնոլոգիաներ ներդնելը

ՌԴ վարչապետի պաշտոնի թեկնածու Միխայիլ Միշուստինը Պետդումայի «Եդինայա Ռոսիա» խմբակցության հունվարի 16-ի նիստում պատմել է նախարարների կաբինետի ղեկավարի աշխատանքի գերակայությունների մասին, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:

«Առաջին բանը, որն անհրաժեշտ է անել, այսօր սահմանադրական բարեփոխումներով, կառավարման բարեփոխմամբ լրջորեն զբաղվելն է եւ, իհարկե, ամենաարդիական տեղեկատվական տեխնոլոգիաներ ներդնելը»,-ասել է Միշուստինը:

Վարչապետի թեկնածուի ելույթով կարճ տեսանյութը հունվարի 16-ին Telegram-ալիքում հրապարակել է Պետդումայի խոսնակի խորհրդական Անաստասյա Կաշեւարովան:

Բացի այդ, Միշուստինը նշել է, որ մտադիր է ուսումնասիրել «Թվային տնտեսություն» ազգային նախագծի ծրագրերը: «Անկասկած, պետությունը պետք է թվային հարթակ լինի՝ ստեղծված մարդկանց համար»,-ասել է նա: Միշուստինը նաեւ հայտարարել է, որ ազգային նախագծերը լավ գործիք է համարում ՀՆԱ-ի աճի համար: