Ի՞նչ կապ ունի Ռուսաստանի կառավարության հրաժարականը հայ-ռուսական հարաբերությունների հետ. Մակունց

Այսինքն ինչ-որ հատուկ բան տեղի չի ունեցել

Մենք պարբերաբար հանդիպում ենք կառավարության անդամների հետ եւ քննարկում այն հարցերը, որոնք այդ պահին կարող են լինել օրակարգային: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց Լիլիթ Մակունցը:

«Հետո պարբերաբար կուտակվում են առանձին թեմաներ, օրինակ, քաղաքացիների հետ շփման արդյունքում կամ ինչ-որ քաղաքական զարգացումների արդյունքում: Հետո լինում է հարցուպատասխան: Ֆորմատը, սովորաբար, այդպիսին է: Թե ինչի մասին կխոսի այսօր նախարարը, ինչ մտքեր ու զարգացումների վերաբերյալ կլինի խոսքը, դա կտեսնենք: Այսինքն ինչ-որ հատուկ բան տեղի չի ունեցել: Ընթացիկ քննարկում է եւ մենք կարեւորում ենք կառավարություն-ԱԺ կապը այս առումով»,-ասաց Մակունցը՝ հավելելով, որ հանդիպումից հետո ինքը կկարողանա ավելի հստակի նշել, թե ինչի մասին է խոսվել:

Հարցին, թե ՌԴ կառավարության հրաժարականն ինչ ազդեցություն կարող է ունենալ հայ-ռուսական հարաբերությունների վրա, նա նշեց. «Բացարձակ մեկը մյուսի հետ կապ չունի: Անկախ նրանից, թե որ երկրում ինչ իշխանություն կփոխվի  կամ ինչ ներքաղաքական զարգացումներ կլինեն, դրանք բոլորովին մեկը մյուսի հետ կապ չունեն: Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացները միայն առնչվում են այդ երկրի ներքին քաղաքական գործընթացներին»:

Տեսանյութը՝ news.am-ի