Մարդ, ով կարողանում է ոչ ոքի հետ չվիճել. Միշուստին

Նա ստիպեց հարկեր վճարել նույնիսկ նրանց, ովքեր երբեք չէին վճարել

Ռուսական «Մեդուզա» համացանցային պարբերականն անդրադարձել է ՌԴ վարչապետի թեկնածու, հետխորհրդային բյուրոկրատիան «համակարգչայնացրած», հարկերի հավաքագրման ռեկորդային արդյունք գրանցած Միխայիլ Միշուստինին, որը, ըստ պարբերականի, կարողանում է ոչ ոքի հետ չվիճել, փոխանցում է tert.am-ը:

Միշուստինը մասնագիտությամբ ինժեներ-տեխնիկ է, 1989 թվականին ավարտել է Մոսկվայի «Ստանկին» պետական տեխնոլոգիական համալսարանը: 1992 թվականին նույն համալսարանում ավարտել է ասպիրանտուրան, սակայն կարիերան չի շարունակել գիտական ուղղվածությամբ, այլ աշխատանքի է անցել «Միջազգային համակարգչային ակումբ» ոչ առևտրային կազմակերպությունում:

Նա ակումբում սկզբից ղեկավարել է թեստային լաբորատորիան և զեկույցներ է հրապարակել կազմակերպության տեղեկագրերի վերաբերյալ, իսկ 1990-ականների կեսերին դարձել կազմակերպության գլխավոր տնօրեն, տնտեսական գիտությունների թեկնածու Լևոն Ամդիլյանի տեղակալը:

Միշուստինը մի անգամ հիշել է, թե ինչպես է ակումբում աշխատելու տարիներին միջազգային գիտաժողովի ժամանակ Ռուսաստան հրավիրել Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսին: Չնայած որ Բիլ Գեյթսը մի քանի անգամ եղել է Ռուսաստանում, «Մեդուզա»-ին հայտնի չէ Միշուստինի հետ Ռուսաստանում նրա հանդիպման մասին:

1998 թվականին Միշուստինը պետպաշտոնյայի կարիերա է սկսել:

Սկզբում նա զբաղեցրել է Պետական հարկային ծառայության ղեկավարի օգնականի, ապա` տեղակալի պաշտոնները: 1999 թվականին, երբ կառույցը դարձավ նախարարություն, Միշուստինը զբաղեցրեց փոխնախարարի պաշտոնը: Հենց նրա ջանքերի շնորհիվ հարկային կառույցը դարձավ Ռուսաստանի` տեխնոլոգիապես ամենազարգացած պետական կառույցներից մեկը:

2004 թվականին Միշուստինը նշանակվել է Անշարժ գույքի կադաստրի դաշնային գործակալության ղեկավար, որտեղ զբաղվել է խոշոր տեխնոլոգիական համակարգերի ստեղծմամբ:

2006-ին Միշուստինը դարձավ Հատուկ տնտեսական գոտիների կառավարման դաշնային գործակալության ղեկավարը: Նրա ղեկավարման տարիներին գործակալությունը սկսեց բացել արդյունաբերական, զբոսաշրջային, հանգստի և այլ հատուկ գոտիներ:

Պաշտոնավարումների հետ համատեղ աճ գրանցեց նաև նրա գիտական կարիերան. 2003 թվականին Միշուստինը պաշտպանեց թեկնածուական, իսկ 2010-ին դոկտորական ատենախոսությունը:

2010-ին` երկու տարվա ընդմիջումից հետո, նա վերադարձել է պետական ծառայության` ստանձնելով Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնը: Նրա ծառայության ժամանակ Ռուսաստանում հարկահավաքության ռեկորդ գրանցվեց, և դրանում ամենամեծ դերը հենց Միշուստինի ժամանակակից մոտեցումների մեջ էր: Նշվում է, որ նա ստիպեց հարկեր վճարել նույնիսկ նրանց, ովքեր երբեք չէին վճարել: