Անգամ չգիտեմ` ում ավելի շնորհավորեմ. Միշուստինի՞ն, թե՞ Ռուսաստանին. Մարգարիտա Սիմոնյան

Դեռ երեք տարի առաջ ես ասացի Միշուստինին, որ նա պետք է լինի մեր հաջորդ վարչապետը

Թվայնացում, հստակություն, ժամանակակից պրոֆեսիոնալիզմ, պարկեշտություն, օրինական գործունեության համար խոչընդոտների վերացում, նորարարական լուծումներ, համաշխարհային տեխնոլոգիաների նկատմամբ  բաց լինել: Այսպես է իր թվիթերյան էջում ՌԴ վարչապետի թեկնածու Միխայիլ Միշուստինին բնութագրել RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:

«Ես շնորհավորում եմ թե՛ Միշուստինին, թե՛ Ռուսաստանին, անգամ չգիտեմ` ում ավելի շատ»,- գրել է նա` հավելելով. «Դեռ երեք տարի առաջ ես ասացի Միշուստինին, որ նա պետք է լինի մեր հաջորդ վարչապետը: Նա այնպես ինձ վրա մռնչաց, որ ես հասկացա` այդպես կլինի))»: 

Ինչպես ավելի վաղ հաղորդել է tert.am-ը, ՌԴ պետդուման լիագումար նիստի ընթացքում դիտարկում է կառավարության ղեկավարի պաշտոնում Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը, որն առաջադրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Մինչ այս, Միշուստինը հանդիպել է 4 խորհրդարանական խմբակցություններից յուրաքանչյուրի հետ:

ՌԴ վարչապետի թեկնածու Միխայիլ Միշուստինը Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության խմբակցության հետ հանդիպման ժամանակ խոստացել է, որ կառավարությունում կտրուկ փոփոխություններ են լինելու` ինչպես կազմի, այնպես էլ կառուցվածքի առումով: Այս մասին հայտնել էր Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Կորնիենկոյին:

«Այո, նրան հարց են տվել: Նա ասաց, որ կլինեն լուրջ, կտրուկ փոփոխություններ, բայց դեռևս ոչ մի ազգանուն նա չի նշել: Նա ասաց, որ կառավարության կառուցվածքը կփոխեն, նախարարներին կտրուկ կփոխեն, սակայն ազգանուններ դեռևս չի նշել»,- ասել է Կորնիենկոն:

Հիշեցնենք, որ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:

Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: