Պուտինն անձամբ է որոշում կայացրել Մեդվեդևի կառավարության հրաժարականի վերաբերյալ

Նշվում է, որ կառավարության անդամները նման զարգացում չէին սպասում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դժգոհ էր Դմիտրի Մեդվեդևի կառավարության կողմից իրականացվող ազգային նախագծերի ընթացքից, գրում է Forbes-ը:

Պարբերականի կառավարությանը մոտ զրուցակիցներից մեկի խոսքերով, անցած տարվա վերջին Պուտինը և Մեդվեդևը քննարկել են այդ թեման, և  նախագահը տեղեկություններ է ստացել, որ ազգային նախագծերը չեն նպաստում ազգային նպատակներին հասնելուն: «Պուտինի արձագանքը եղել է ծայրաստիճան հուզական»,- նշել է ամսագրի աղբյուրը:

Բացի այդ, անանուն դաշնային պաշտոնյային հղումով հաղորդվում է, որ Պուտինն անձամբ է որոշում կայացրել Մեդվեդևի կառավարության հրաժարականի վերաբերյալ: Նշվում է, որ կառավարության անդամները նման զարգացում չէին սպասում:

Հունվարի 15-ին կառավարության նիստում, որին մասնակցում էր նաև Պուտինը, Մեդվեդևը հայտարարել է իր կաբինետի հրաժարականի մասին: Նախագահը շնորհակալություն է հայտնել պաշտոնյաներին կատարած աշխատանքի համար և ցանկություն հայտնել վարչապետին նշանակել իր տեղակալը՝ Ռուսաստանի անվտանգության խորհրդում: Կառավարության մնացած անդամների ճակատագրի մասին չի հաղորդվել: Դրանից անմիջապես առաջ պետության ղեկավարը հաղորդագրություն է հղել Դաշնային ժողովին՝ հայտարարելով Սահմանադրության փոփոխության, սոցիալական և ժողովրդագրական աջակցության նոր միջոցառումների պլանների մասին:

Վարչապետի պաշտոնը, ինչպես սպասվում է, կզբաղեցնի Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինը: Նրա թեկնածությունը Պետդուման կքննարկի հունվարի 16-ին: