Առաջին անգամ Ռուսաստանն առաջ է անցել` նոր միջուկային զենքի ստեղծման առումով. Պուտին

Ազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ մեր քայլերն արվել են ճիշտ ժամանակին և բավարար ծավալով

Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանն առաջ է աշխարհի բոլոր երկրներից` նոր միջուկային զենքի ստեղծման առումով: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդին ուղղված ուղերձում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Ազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ մեր քայլերն արվել են ճիշտ ժամանակին և բավարար ծավալով: Առաջին անգամ, ուզում եմ ընդգծել` միջուկային հրթիռային զենքի ամբողջ պատմության ընթացքում առաջին անգամ` ներառյալ և՛ խորհրդային ժամանակաշրջանը, և՛ նոր ժամանակները, մենք չենք փորձում որևէ մեկին հասնել, այլ հակառակը` աշխարհի մյուս առաջատար պետությունները դեռ պետք է ստեղծեն զենք, որը Ռուսաստանն արդեն ունի»,- նշել է նախագահը:

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Դաշնային խորհրդի անդամների առջև ելույթի ժամանակ հայտարարել է նաև, որ Ռուսաստանը պետք է ուժեղ նախագահական երկիր մնա:

Հիշեցնենք, որ 2018 թվականի մարտի 1-ին Դաշնային խորհրդին ուղղված ելույթում Պուտինը պատմել էր ռազմավարական սպառազինությունների նորագույն տեսակների մասին, այդ թվում` «Կինժալ», «Ավանգարդ», «Բուրեվեստնիկ» գերձայնային համալիրների մասին: