Մեծ Բրիտանիայի դեսպանը լքել է իրանական մայրաքաղաքը

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մաքերին որոշ ժամանակով ձերբակալել են, սակայն ավելի ուշ դիվանագետն ազատ է արձակվել

Իրանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ռոբերտ Մաքերը հեռացել է Թեհրանից, հայտնում է Tasnim գործակալությունը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Իրանի կառավարությունը դիտարկում է Թեհրանում ցույցերին մասնակցելուց հետո, միջազգային օրենքների համապատասխան, Մաքերի վտարման հնարավորությունը:

«Մեծ Բրիտանիայի դեսպանը լքել է իրանական մայրաքաղաքը»,- ասվում է գործակալության թվիթերյան էջում տարածված հայտարարության մեջ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մաքերին որոշ ժամանակով ձերբակալել են, սակայն ավելի ուշ դիվանագետն ազատ է արձակվել:

Ըստ իրանական լրատվամիջոցների` դեսպանը, իբրև, մասնակցել է շաբաթ օրը Թեհրանում անցկացված բողոքի ցույցերին և «զբաղվել է սադրանքներով, ինչպես նաև արմատական գործողությունների ղեկավարմամբ»:

Խոսքն Իրանի մայրաքաղաքում Ամիր Քաբիրի անվան համալսարանի մոտ հարյուրավոր ուսանողների ցույցի մասին է: Ցույցը տեղի էր ունեցել շաբաթ օրը և կազմակերպվել էր` հարգելու ուկրաինական ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի հիշատակը:

Հիշեցնենք, որ Live24.am-ն արդեն տեղեկացրել էր, որ Թեհրանի օդանավակայանից մեկնելուց անմիջապես հետո Կիև թռչող Boeing 737-800 օդանավը լույս հունվարի 8-ին վթարի էր ենթարկվել: Ըստ պաշտոնական տվյալների` վթարի հետևանքով մահացել է 176 մարդ` Իրանի, Ուկրաինայի, Կանադայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Շվեդիայի և Աֆղանստանի քաղաքացիներ:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին Twitter սոցիալական կայքի իր էջում հայտնել էր, որ «Զինված ուժերի ներքին հետաքննության արդյունքում պարզվել է, որ, ցավոք, մարդկային սխալի պատճառով արձակված հրթիռներն են հանգեցրել ուկրաինական ինքնաթիռի սարսափելի աղետին և 176 անմեղ մարդկանց մահվանը»: