Նախարարությունը սաբոտաժ է անում. Վարդանյանը հակադարձում է Արայիկ Հարությունյանին

Բյուջեն հաստատվում է, և մենք հասկանում ենք, որ այդ գումարը չի ներդրվել
արայիկ հա

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն ասել է, թե 6 օր առաջ գումար են փոխանցել «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանը» դպրոցներում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեղադրման համար, բայց նման բան չկա: Այսինքն՝ իրեն սխալ տվյալ են տվել: Այս մասին ArmNewsTV-ի եթերում հայտարարել է «Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:

«Մենք «Արմաթ» ծրագիրը նախագծել ենք 2011-ից, 2014-ին իրականություն էր՝ ներդրեցինք 50-60 դպրոցում: Կառավարության հետ համաձայնության էինք եկել, որ ինչքան «Արմաթ» հիմնենք, դրա աշխատավարձերը պետությունն է տալու: Կան նաև ստորագրված համապատասխան փաստաթուղթ: Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ընթացքում այդ գործընթացը կանգնեցվեց, և պարտքեր կուտակվեցին: Իշխանափոխությունից հետո «Արմաթ»-ի բախտը բերեց, և փոխհատուցում ստացանք»,- ներկայացրել է Վարդանյանը՝ հիշեցնելով, թե այս իշխանությունները հայտարարել են, որն բոլոր դպրոցներում հիմնվելու են «Արմաթ» լաբորատորիաներ:

«Մենք մեր գործընկերներին ասել էինք, որ գումար չհանգանակեն, որովհետև պետությունն իր վրա է վերցրել: Իրավամբ, պետությունն իր վրա էր վերցրել, և Կառավարության հաջողությունները ներկայացնելիս ասվում էր, որ «Արմաթը» մեր հաջողությունն է, հիմա ինչ-որ մի նախարարություն սաբոտաժ է անում: Մենք վստահ էինք, որ այս տարվա բյուջեում ընդգրկվելու է, բայց բյուջեն հաստատվում է, և մենք հասկանում ենք, որ այդ գումարը չի ներդրվել»,-ասել է Վարդանյանը:

Նա նշել է, որ «Արմաթը» գումար ստացել է 4 ամիս առաջ: «Երբ տվեցին այդ գումարը, մենք մտածեցինք, որ գումարի մնացած մասը կլինի բյուջեի նախագծով, բայց չեղավ: Կառավարությունը որոշում է ԿԳՄՍ ներկայացմամբ տալ միայն սարքավորումների գումարը, բայց կրթությունը միայն սարքավորումը չէ»,- հավելել է Վարդանյանը:

Նա նաև նշել է, թե դիմում են Կառավարությանը, որ հետաքննի սաբոտաժը, ապա հավելել է. «Մենք շարունակելու ենք ներդնել «Արմաթ» լաբորատորիաները. կլինի նախարարի՞ հետ, թե՞ առանց նախարարի»:

Նշենք, որ Արայիկ Հարությունյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ ԻՏՁՄ-ն ընդամենը վեց աշխատանքային օր առաջ ստացել է ավելի քան 800 միլիոն դրամի վերջին գումարները երեք մարզում 284 նոր լաբորատորիա ներդնելու համար: