Քաղաքական որոշումն այն է, որ Եղվարդի ծննդատունը պետք է մնա և գործի. մարզպետ

Թորոսյանն ասել է, որ կվերանայի իր որոշումը և 2-3 օրվա ընթացքում կհրապարակի այն

Եղվարդում՝ «Նաիրի» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի հետ հանդիպմանը ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ ծննդատունը չի փակվելու, ավելին՝ վերազինվելու է և շարունակելու է գործել. սա քաղաքական որոշում է:

«Այն մտահոգությունները, որոնք հնչում են՝ կապված ծննդատան փակման հետ, ես 10 օր առաջ ներկայացրել եմ ՀՀ առողջապահության նախարարությունում և նախարարի հետ քննարկել ենք այս հարցը, ներկայացրել եմ փաստերը, թե ինչու այստեղ ծննդատունը չպետք է փակվի: Արսեն Թորոսյանն ասել է, որ կվերանայի իր որոշումը և 2-3 օրվա ընթացքում կհրապարակի այն»,- հայտնեց մարզպետը:

Հարցին՝ եթե նախարարությունն այնուամենայնիվ որոշի փակել Եղվարդի ծննդատունը, ինչ քայլերի եք դիմելու՝ Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց. «Եկեք «եթե»-ներով չխոսենք: Այս պահին Եղվարդը և Նաիրիի տարածաշրջանն ունի ծննդատուն, այն աշխատում է ողջ հզորությամբ և սպասարկում ծննդկաններին»:

Հիշեցնենք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը 2020 թվականից դադարեցրել է Մարալիկի, Աչաջրի, Եղվարդի, ևս 6 ծննդատների ֆինանսավորումը:

Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ Եղվարդի «Նաիրի» բուժկենտրոնը տարբերվում է այս ցանկում գտնվող մյուս բուժհաստատություններից նրանով, որ վերջին տարիներին նկատվել է ֆինանսական հոսքերի դրական միտում: Աճել է նաև ծնունդների թիվը՝ նախորդ տարվա 119-ից հասնելով 136-ի:

«2017 - 2019 թվականների ֆինանսական հոսքերի առումով շուրջ 70 տոկոսի աճ ենք ունեցել: Օրինակ՝ 2019 թվականին, նախորդ տարվա համեմատ վճարովի ծառայությունների մուտքերն այս կենտրոնում ավելացել է 13.5 մլն դրամով: Շատ կարևոր է բուժանձնակազմի պրոֆեսիոնալիզմը, սպասարկող անձնակազմի պատրաստվածությունը, որի առումով պետք է նշել՝ աշխատելու տեղ շատ ունենք»,- ասաց մարզպետ:

Նրա խոսքով՝ ՀՀ առողջապահության նախարարության խնդիրն է պատշաճ, ապահով բուժսպասարկում իրականացնել, որն ըստ մարզպետի՝ Եղվարդի բուժկենտրոնի ներկայիս պայմաններում հնարավոր չէ: