Փաշինյանը ջնջել է իր ֆեյսբուքյան գրառումը

Նախորդ գրառումը ջնջեցի, որովհետեւ մեր մի քանի գերատեսչությունների միջեւ ճշգրտումների կարիք կա

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ջնջել է ֆեյսբուքյան գրառումը, որում նշել էր, թե ի տարբերություն վերջին շատ երկար տարիների՝ թե՛ 2018, թե՛ 2019 թվականներին ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել:

«Նախորդ գրառումը ջնջեցի, որովհետեւ մեր մի քանի գերատեսչությունների միջեւ ճշգրտումների կարիք կա: Ասեմ նաեւ, որ վիճարկող գերատեսչության վարկածով՝ 2019-ին Հայաստան ժամանողների թիվը ավելի մեծ է, քան մեկ այլ գերատեսչության առաջարկած թիվը, որը ես հրապարակել էի: Այնպես որ, վիճարկումը ոչ թե հոռետեսական է, այլ լավատեսական: Առաջիկայում կպարզաբանեմ»,-գրել է վարչապետը:

Ջնջված գրառման մեջ վարչապետը նշել էր. «2019 թվականին Հայաստան է ժամանել 2 միլիոն 150 հազար 383 մարդ:  2018 թվականին Հայաստան է ժամանել 1 միլիոն 906 հազար 722 մարդ:  2017-ին Հայաստան է ժամանել 1 միլիոն 751 հազար 729 մարդ:  2017-ի համեմատ 2019-ին Հայաստան է ժամանել 398 հազար 654-ով, կամ 22.7 տոկոսով ավել մարդ:  Նշեմ նաեւ, որ 2018-ի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո դրական սալդո է արձանագրվել ժամանողների օգտին:  Այսինքն, ի տարբերություն վերջին շա՜տ երկար տարիների, թե 2018, թե 2019 թվականներին ավելի շատ մարդ ժամանել է Հայաստան, քան մեկնել»: