ԱՎԿ պետն առնվազն կձերբակալվի և կնստի. Բագրատյան

Փաշինյանը գաղտնի հրամանով, սահմանադրությունը խախտելով, հրաման տվեց 800–900 հազար դրամ աշխատավարձը սարքել 1 միլիոն 500 հազար դրամ

Եթե վաղը լինեմ վարչապետ, ԱՎԿ պետն առնվազն կձերբակալվի եւ կնստի։ Այս մասին «Արմնյուզ» հեռուստաընկերության հաղորդման ժամանակ ասել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ գործազրկության նվազման մասին լուրը կեղծիք է։

«Աշխատատեղերն իրենք կեղծել են, ավտոներկրողներին հաշվել են աշխատատեղ եւ 50–60 հազարով արհեստականորեն պակասեցրել են գործազուրկների թիվը։ Գործազրկությունը 17.5–18 տոկոսից իջել է 13 տոկոս։ Դա «մուխլյոժկա» է, որի համար, եթե ես վաղը լինեմ վարչապետ, իհարկե, ԱՎԿ պետն առնվազն կձերբակալվի եւ կնստի»,– ասել է Բագրատյանը։

Նրա խոսքով՝ նաեւ անթույլատրելի էր վարչապետի գաղտնի հրամանով նախարարներին պարգեւավճարներ տալը. «Փաշինյանը գաղտնի հրամանով, սահմանադրությունը խախտելով, հրաման տվեց 800–900 հազար դրամ աշխատավարձը սարքել 1 միլիոն 500 հազար դրամ, ինչո՞ւ գաղտնի հրամանով, ինչո՞ւ ապօրինի։ Կառավարման ոլորտում մտցվում են վատ միտումներ»։