Իրար դեմ պատվիրված հարձակումները պետք է քաղաքական օրակարգում շատ բան չորոշեն

Եթե սկզբունքից հետ ենք կանգնում վտանգում ենք մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը

Ես ընդհանուր սկզբունքների մասին միշտ խոսել եմ, կարող եմ կրկին նույն սկզբունքների մասին խոսել, որ այդ քաղաքականությունը ուղղված է մանկական ու մայրական մահացության իջեցմանը և ուղղված չի որևէ բուժհաստատության կամ մեր քաղաքացիների որևէ խմբի դեմ՝ հակառակը. նրանց համար է արվում: Այս մասին այսօր ՔՊ վարչության նիստից հետ լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով Մարալիկի ծննդատան շուրջ ծավալվող իրադարձություններին:

Խոսելով հեռավորութունների մասին՝ Թորոսյանը նշեց. «Մենք միայն այն հեռավորություններին, որոնք որ իրոք կարող են վտանգ սպառնալ քաղաքացիների կյանքին, այդ մասով բացառություններ ենք արել, Եղվարդը դրանց թվին չի պատկանում՝ հակառակը, Եղվարդն ամենահասանելի համայնքն է թե Երևանին, թե Աբովյան քաղաքին և մենք հակված ենք զարգացնելու այն շտապօգնության ծառայությունները, որոնք որ կարող են շտապ դեպքերում տեղ հասցնել մեր քաղաքացիներին՝ որևէ բժշկական ծառայությունից օգտվելիս, այս դեպքում խոսքը ծննդօգնության ծառայության մասին է:

Գիտեմ, որ վաղը հանդիպում է տեղի ունենալու Կոտայքի մարզպետարանում՝ մարզպետի հետ խոսում ենք, հետևում ենք բուժհաստատության բարձրացրած հարցերին, բացատրություններ ենք տալիս և սկզբունքների շուրջ շարժվում ենք առաջ, որովհետև եթե սկզբունքից հետ ենք կանգնում վտանգում ենք մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը»:

Անդրադառնալով «Հայկական ժամանակ»-ում հրապարակված նյութին, որում նշվում է, որ Արթուր Վանեցյանի վարչապետի և նրա ընտանիքի մասին կեղծ լուրեր է տարածում՝ Թորոսյանը նշեց. «Ես կարծում եմ, որ եթե նման բան կա, դա անթույլատրելի է և հետագայում նման բաները պետք է բացառվեն, ոչ միայն ԱԱԾ պետի կամ ԱԱԾ պետի կողմից վարձված լրատվամիջոցներով, այլ ընդհանրապես այդ իրար դեմ լրատվամիջոցներով պատվիրված կամ այլ եղանակներով դրդված հարձակումները պետք է Հայաստանի քաղաքական օրակարգում շատ բան չորոշեն»:

Խոսելով այսօր շտապօգնության բժշկի վրա տեղի ունեցած հարձակումնից՝ Թորոսյանը նշեց. «Դա անթույլատրելի է: Մասնագիտական  պարտականությունները կատարելիս բժշկի վրա հարձակումները անթույլատրելի են ու պետք է պատժվեն օրենքի ողջ ուժով, ես իմ աջակցությունն եմ հայտնում բռնության ենթարկված բժշկին: Կարծեմ դեպքը տեղի է ունեցել նրա համար, որ հոգեպես անհավասարակշիռ պացիենտ է եղել, բայց վստահ չեմ»: