2019 թվականի հոկտեմբերին հայտարարվեց Հայաստան Ryanair ավիաընկերության մուտքի ու դրա արդյունքում՝ Հայաստանից Եվրոպա 30 եվրո արժողությամբ ավիատոմսով մեկնելու հնարավորության մասին:
Պարզվում է՝ ամեն ինչ այդքան էլ հարթ ու հասկանալի չէ: Չնայած հայտարարվեց էժան ավիատոմսի մասին, սակայն որքան էժան է ավիատոմսը, այնքան շատ են խնդիրները:
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը զգուշացնում է՝ պետք է ֆիքսել՝ ոչ բոլոր ավիատոմսերն են 30 եվրո արժողության: Ըստ Տաթևիկ Ռևազյանի՝ լոուքոսթը չի նշանակում՝ էժան գին: Դա նշանակում է, որ ավիաընկերությունը խնայում է իր ծախսերը, որը հնարավորություն է տալիս ավիատոմսերի արժեքը նվազեցնել:
«Եթե անգամ հնարավորություն էլ լինի 30 եվրոյով տոմս առնել, պետք է շատ ուշադիր լինել, որովհետև դուք վճարում եք բուն ավիատոմսի համար: Ryanair-ի պարագայում դա նշանակում է, որ կարելի է վերցնել շատ փոքր բեռ, որը կտեղավորվի աթոռի տակ»,- ասաց Ռևազյանը:
Մեկնելիս փոքր ճամպրուկ վերցնելու համար պետք է հավելյալ վճարել: 20 կգ-ից ավելի ճամպրուկ վերցնելիս քաղաքացիները ստիպված կլինեն այլ գումար վճարել: Օդանավում տեղ պատվիրելը ևս ավել գումար կարժենա:
«Այն գինը, որ դուք տեսնում եք կայքում՝ էժան, թե թանկ, դա իրականում բուն ավիատոմսի գինն է: Այդտեղ պետք է հաշվի առնել, որ կարող են գումարները շատանալ»,- ասաց Քաղավիացիայի կոմիտեի նախագահը՝ հավելելով, որ Հայաստանում դեռ պետք է մտածելակերպ փոխվի, ու մարդիկի հասկանան, որ անպայման չէ միշտ մեծ ճամպրուկներով գնալ:
Ռևազյանը վստահեցրեց, որ ավիաընկերություններն իրենց կայքում տեղեկություններն այնպես են տեղադրում, որ հետո շատ դժվար կլինի ապացուցել կամ ասել, թե նման բան ուղևորին չեն ասել, որովհետև հաստատ ինչ-որ մի տեղ գրված է, ու քիչ հավանական է, որ հնարավոր կլինի գտնել մի խնդիր, որն ինչ-որ մի տեղ, թեկուզ մեկ բառով, նշված չէ:
Ryanair ավիաընկերությունն ունի այնպիսի տոմսեր, որոնք պահանջում են օնլայն check-in անել, գրանցվել տանն ու օդանավակայան գալ արդեն նստելու կտրոնը ձեռքին: Եթե քաղաքացին դա չանի, օդանավակայանում նրանից գանձելու են նաև դրա հավելյալ գումարը:
Քաղաքացիական կոմիտեի նախագահը զգուշացնում է՝ ավիատոմսին ու թռիչքին վերաբերող յուրաքանչյուր մանրամասնության ծանոթանալ նախօրոք, կարդալ բոլոր կետերը, որ խուսափեք խնդիրներից ու շատ գումար վճարելուց:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
0Comments