«Նիկոլենք անհանգստացած են. Վանեցյանը կարող է հանկարծ խոսել». քննարկում

Կարող է այդ աղջիկն ինքնուրույն քաղաքական կարիերա է անում, որ հայրիկից հետո ինքը դառնա վարչապետ, պետք չէ փակել այդ աղջկա ճանապարհը

Իմ տպավորությունն այն է, որ Նիկոլենք անհանգստացած են, որ Արթուրն իրենց մասին ինչ-որ բաներ գիտի, լսեցնում էին Արթուրին՝ արի, մի խոսի, մի մտի քաղաքական գործընթացների մեջ, ետ վերադարձիր մեր ընկերական հարաբերություններ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց քաղաքական մեկնաբան Մենուա Հարությունյանը՝ անդրադառնալով երեկ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի և վարչապետի դստեր՝ Մարիամ Փաշինյանի գրառումներին:

Ըստ Մենուա Հարությունյանի՝ հետաքրքիր տեխնոլոգիա է, որ դուստրն է պատասխանում Վանեցյանին: «Նիկոլը ցույց է տալիս, թե ինքը չի իջնում նրա մակարդակին, այլ աղջկա միջոցով է շփվում նրա հետ: Մյուս կողմից էլ այդտեղ է, որ այդ հոգեբանական նրբությունը կա, որովհետև եթե Նիկոլը պատասխանի Արթուրին, Արթուրը շատ ավելի կտրուկ կարձագանքի, ինչպես դա տեսանք, երբ ասաց` ուսադիրներն աղբարկղն է նետել, Վանեցյանն էլ պատասխանեց՝ կտեսնենք՝ ով կհայտնվի աղբարկղում: Իսկ երբ աղջկա մակարդակով են պատասխանում, էնտեղ դառնում է Մարիամ ջան, Արթուր ջան ընտանեկան վիճակ: Եթե մեր պետությանը վտանգող ինֆորմացիայի է տիրապետում Արթուր Վանեցյանը, պետք է ասի, իսկ եթե անձնական բնույթի խնդիր է, ինձ դա չի հետաքրքրում»,- ասաց նա:

Բանախոսը հավելեց, որ չի կիսում այն տեսակետը, թե Մարիամը երեխա է և չպետք է ներքաշվի քաղաքական գործընթացների մեջ: «Նա ՀՀ քաղաքացի է և կարող է դիրքորոշում հայտնել, կարող է այդ աղջիկն ինքնուրույն քաղաքական կարիերա է անում, որ հայրիկից հետո ինքը դառնա վարչապետ, պետք չէ փակել այդ աղջկա ճանապարհը»,- ասաց նա:

Հանդիպմանը ներկա քաղաքական մեկնաբան Սոնա Աղեկյանն էլ հավելեց. «Աստված մի արասցե, որ այդ դեռատի աղջիկը լինի մեր վարչապետը»:

Անդրադառնալով Մարիամ Փաշինյանի՝ Վանեցյանին տրված պատասխանին, Աղեկյանն ասաց. «Ընդհանրապես յուրաքանչյուրիս համար կարևոր է, թե մենք ինչպիսի արժեհամակարգ ունեցող ընտանիքում ենք դաստիարակվել: Բոլորս գալիս ենք մեր մանկությունից, եթե այդ աղջնակն իրեն թույլ է տալիս այնպես դիմել, ինչպես դիմել էր, դա ցույց է տալիս Նիկոլի ընտանիքի դաստիարակությունը: Այս աղջնակի խոսելու ձևը գալիս է մեզ ապացուցելու, որ Նիկոլի ընտանիքը խուճապահար և սարսափած է, որ պարոն Վանեցյանը կարող է հանկարծ խոսել, սա ցույց է տալիս նրանց սարսափի աստիճանը»:

Մեկ այլ բանախոս Վոլոդիա Հովհաննիսյանն էլ նշեց, որ խնդիրը ոչ թե վարչապետն է կամ նրա ընտանիքը, այլ այն լրատվամիջոցը, որտեղ այդ աղմուկը բարձրացավ: «Այդ լրատվամիջոցի («Հայկական ժամանակ») կապվածությունը վարչապետի ու նրա ընտանիքի հետ ցույց է տալիս, որ դա պետական քաղաքականություն է՝ գաղափարախոսության և տեղեկույթի դաշտում: Այն, որ ՀԺ-ի այդ հոդվածում նշվեցին 4 անուններ, որոնք մեդիա տիրույթում ունեն գերիշխանություն, ցույց է տալիս, որ մենք ունենք պետական ճնշումներ մարդկանց կարծիքի վրա: Ուզում են օբյեկտիվ քննադատության դեմն առնել»,- ասաց նա:

Մենուա Հարությունյանն էլ հավելեց, որ վարչապետը կառավարության նիստի ժամանակ առանց ամաչելու ԱԱԾ տնօրենին հանձնարարեց, որ պետք է Սատանայի հետ ինչ-որ կապ բացահայտվի: «Անցնում է որոշ ժամանակ, Նիկոլը, անհանգստանալով, թե ինչի չի բացահայտվում, փոխանակ զանգի, հարցնի՝ ինչի՞ այդ կապը չի բացահայտվում, ՀԺ-ով պաշտոնապես հարցում է ուղարկում ԱԱԾ-ին, ասում է՝ այդ կապը բացահայտեցիք, թե՝ ոչ: ԱԱԾ-ն պատասխանում է, որ օպերատիվ աշխատանքներ են ընթանում: Դուք հասկանո՞ւմ եք կառավարման մակարդակն ինչի է հասցվել: Մեր պետականությունը մեր աչքի առաջ արժեզրկվում է»,- ասաց նա: